«Մի տղես զոհված ա, մեկը՝ անհայտ կորած, ումի՞ց ուզեմ, ո՞վ կարա իմ ցավը բուժի, դեղը գտնի». զոհվածի հայր

Այսօր Պաշտպանության նախարարության շենքի առջև էին հավաքվել անհետ կորածների հարազատները և պահանջում էին հանդիպում նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Պնդում էին, որ նախարարության աշխատակիցները, այն սպաները, որոնք մասնակցել են պատերազմին, և ում ղեկավարության ներքո ծառայող զինվորներն անհետ կորել են, անգործություն են դրսևորում և որոնողական աշխատանքները պատշաճ ձևով չեն իրականացնում: Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատերազմի ընթացքում եղբորն ու եղբորորդուն կորցրած Արսեն Ղուկասյանն էլ ասել էր, որ անհետ կորածների ծնողների հետ արդեն սկսել են խոսել վերջնագրի (ուլտիմատում) լեզվով: Նրա խոսքով՝ երեկ 3 սպա պետք է գնար Արցախ, բայց չեն գնացել՝ պատճառաբանելով, որ ծնողներն իրենց  ծեծում են, պնդել են, որ եթե ծնողներն ինչ-որ սպայի վատ վերաբերվեն, ապա կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ղուկասյանի պնդմամբ՝  Նիկոլ Փաշինյանն էլ իրենց հետ վերջին հանդիպման ժամանակ ասել է՝ «նայեք, կարմիր գծերը մի անցեք, թե չէ կենթարկվեք քրեական պատասխանատվության»։

Իսկ ՊՆ առջև հավաքվածներից մեկը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ երկու որդիներն էլ պատերազմի ժամանակ ծառայության մեջ են եղել, 1 տարի տարբերությամբ բանակ են զորակոչվել:

«Մի տղես զոհված ա, մեկը՝ անհայտ կորած, ումի՞ց ուզեմ, հարց եմ տալիս վարչապետին ու Պաշտպանության նախարարին, ո՞վ  պետք ա ինձ պատասխան տա, եթե անգործության է մատնված, երեխեքը կռվել են, էսօր աֆիցերներին են հերոսի կոչում տալիս: Ինչի՞ համար են կռվել էդ երեխեքը, հայրենիքի, կռվի ժամանակ հայրենիքն իրանցն ա, խաղաղ պայմաններում իրանցը չի՞: Ոնց ուզում են՝ թող գտնեն մեր երեխեքին, տան»:

Զինվորների հայրը պատմեց, որ փոքր տղան անգամ զինվորական երդում տված չի եղել, բայց մասնակցել է պատերազմին և զոհվել, իսկ մեծ որդուց հոկտեմբերի 12-ից նորություն չունի:

«Ո՞վ կարա իմ ցավը բուժի, ո՞վ կարա դեղը գտնի: Էն վիճակն է, որ ասում ենք՝ մեր երեխեքին տվեք՝ ինչ կարգավիճակում էլ կլինի»,- ասաց անհետ կորածի հայրը:

ՊՆ հսկիչ-անցագրային կետից անհետ կորածների հարազատներին ասել են, որ  նախարարը ՊՆ-ում չէ, և չեն կարողանում իր հետ կապ հաստատել, հավաքվածներն էլ ուրիշի հետ հանդիպել չեն ուզում: Պատրաստվում են սպասել այնքան, մինչև նախարարը գա, իրենց հետ հանդիպի:

Տեսանյութեր

Լրահոս