Տարիներով կադրեր ենք պատրաստել, որ մեկ օրում գան, ասեն՝ սրանք Վիրաբյանի կադրերն են և պետք է հեռանա՞ն. Ազգային արխիվի նախկին տնօրենը՝ փորձառու աշխատողներին հեռացնելու մասին

2020 թ. սեպտեմբերին Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ազատվել է աշխատանքից, լիազորությունները դադարեցվել են, և լուծվել է նրա հետ 2015 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Նախարարի հրամանը վիճարկվեց դատական կարգով, և դատարանն անվավեր ճանաչեց այն, ինչը ենթադրում էր, որ պարոն Վիրաբյանը կվերականգնվի Հայաստանի ազգային արխիվի տնօրենի պաշտոնում, սակայն 2021թ. հունվարի 21-ին հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճռի դեմ, որով բավարարվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանի ներկայացրած հայցը:

168.am-ի հետ զրույցում խոսելով կայացված վճռի մասին՝ Ամատունի Վիրաբյանն ասաց.

«Ավելի շուտ բարոյական խնդիր էի համարում, ես հաստատ գիտեի, որ կբողոքարկեն, և ամիսներ կանցնի»:

Նա նշեց՝ այս դատական գործընթացների պատճառով Արխիվը բավականին տուժել է:

«Ցավոք, այսօր արխիվի փորձառու աշխատողներին տուն են ուղարկում՝ պատճառ բռնելով թոշակային տարիքը, մինչդեռ նրանք երկար տարիներ աշխատել են արխիվում և տիրապետում են ողջ ինֆորմացիային:
Աշխատողների մի մասին ուղարկել են, մի մասին էլ ծանուցում է եկել, որտեղ վերջնաժամկետը նշված է մինչև մարտի 15-ը: Նոր տնօրենը նախկին Սփյուռքի նախարարությունից է, բերել է իր ընկերներին, որոնք, բնականաբար, արխիվից պատկերացում չունեն»,- ասաց Ամատունի Վիրաբյանը:

Հարցին՝ երբ վերադառնա աշխատանքի, այդ մարդկանց հետ կընդունի՞, Ազգային արխիվի նախկին տնօրենը պատասխանեց.

«Իհարկե: Տարիներով պատրաստել ենք կադրեր, որ մեկ օրում գան, ասեն՝ սրանք Վիրաբյանի կադրերն են և պետք է հեռանա՞ն: Այդպես չի լինում: Մասնագետներ պատրաստելու համար տարիներ են պետք: Պետք է պրակտիկա անցնեն, սկսեն ամենացածր օղակից, ոչ թե միանգամից խորհրդական, բաժնի վարիչ  նշանակվեն: Պետք է ունենա հումանիտար կրթություն, բանասեր, պատմաբան…»:

Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը ստացված մի շարք դիմում-բողոքների հիմքով ուսումնասիրություն էր սկսել՝ ՊՈԱԿ-ի գործունեության օրինականությունը ստուգելու նպատակով, և դրա շրջանակում հարցում կատարել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ ՊՈԱԿ-ում իրականացված հարկային ստուգումների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար։ Ստացված տեղեկության համաձայն՝ «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը հաշվապահական հաշվառումը վարել է այնպիսի խախտումներով, որոնք առաջացրել են հարկի նվազեցում, որի արդյունքում հարկային պարտավորությունները ժամանակին չեն կատարվել։ Վերոգրյալը հիմք ընդունելով և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի «ժբ» ենթակետով, ՀՀ արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանի լիազորությունները դադարեցվել են, և լուծվել է նրա հետ 2015 թվականի նոյեմբերի 27-ին կնքված աշխատանքային պայմանագիրը»։

Տեսանյութեր

Լրահոս