Գերիների վերադարձի հարցից մինչև հայ-չինական տնտեսական կապեր. Միրզոյանը հանդիպել է Չինաստանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 5-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունին: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Յոնգին Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Չինաստանը Հայաստանի կարեւոր գործընկերներից է եւ ընդգծել, որ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Կարեւորելով համագործակցությունն օրենսդիր մարմինների միջեւ՝ խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է անցած տարի կայացած Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեի այցին Հայաստանի Հանրապետություն: «Անկասկած, այցը նոր ազդակ հաղորդեց երկու երկրների համագործակցությանը»,-ասել է խորհրդարանի ղեկավարը: ԱԺ նախագահն ու դեսպանը երկուստեք համոզմունք են հայտնվել, որ համավարակի ավարտից հետո անհրաժեշտ է ակտիվացնել անձնական շփումները խորհրդարանականների եւ պատվիրակությունների միջեւ:
Երկկողմ փոխգործակցության համատեքստում Արարատ Միրզոյանը նաեւ նշել է Ազգային ժողովի եւ դեսպանության միջեւ ակտիվ ու արդյունավետ շփումները:
«Հանդիպման ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահը խոսեց Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած մարդասիրական խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին՝ հատուկ շեշտելով հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց արագ վերադարձի հարցը: Ընդգծվեց Հայաստանի պատրաստակամությունն անհապաղ վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով՝ հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ բոլոր սկզբունքները քննարկելու համար: Այս առումով չափազանց կարեւորվեց Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման եւ երկարատեւ խաղաղության հաստատման համար»,-հայտնում են ԱԺ-ից:
Հայ-չինական առեւտրատնտեսական համագործակցության ամրապնդման համատեքստում խորհրդարանի խոսնակը կարեւորել է նաեւ Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի «Մեկ գոտի, Մեկ ճանապարհ» նախաձեռնության համակցումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ձեւաչափը կարող է իր ներդրումն ունենալ ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի կայուն զարգացման հարցում:
Ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը մշտապես սատարել է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը: Միրզոյանը բարձր է գնահատել նաեւ Չինաստանի տեխնիկական եւ տնտեսական աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը:
Շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովում ընդունելության համար՝ դեսպան Յունն Արարատ Միրզոյանին փոխանցել է իր չինացի գործընկերոջ՝ Լի Ճանշուի ջերմ ողջույնները:
Դեսպանը վստահեցրեց, որ ՀՀ-ում Չինաստանի դեսպանությունը եւ ինքը՝ որպես առաքելության նորանշանակ ղեկավար, կանի հնարավորն էլ ավելի ամրապնդելու եւ խորացնելու Հայաստան-Չինաստան հարաբերությունները:
«Միանգամայն կիսելով խորհրդարանի ղեկավարի գնահատականները ՉԺՀ ԺՆՀԺ Մշտական Կոմիտեի նախագահի տեղակալ տկն. Շըն Յուեյուեի ղեկավարած պատվիրակության այցի մասին՝ դեսպան Յունը շեշտեց, որ վերջինս հիացած էր Հայաստանով եւ հիանալի հուշեր ունի: Պատրաստակամություն հայտնվեց էլ ավելի ակտիվացնելու եւ խորացնելու երկու երկրների բարեկամական խմբերի համագործակցությունը: Այդ համատեքստում կարեւորվեց փոխադարձ այցերի նշանակությունը եւ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն»,-հայտնում են խորհրդարանից:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ դեսպան Յունը նշել է, որ Չինաստանը ողջունում է եռակողմ հայտարարությունը, կարեւորում է դրա իրագործումը եւ տեղյակ է մարդասիրական բնույթի խնդիրներից: Նա ընդգծել է, որ ՉԺՀ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին եւ լիահույս է, որ հնարավոր կլինի լուծել բոլոր հարցերը:Դեսպան Յունը մեծ գոհունակությամբ նշել է նաեւ այն հանգամանքը, որ անցած տարվա ընթացքում ՀՀ-ի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունն աճ է գրանցել՝ չնայած համավարակային անբարենպաստ իրավիճակին:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը շնորհավորել է դեսպան Ֆան Յունին Չինաստանի նոր տարվա՝ «Գարնան տոնի» կապակցությամբ: