Անուշ Բեղլոյանը, փաստորեն, Նիկոլ Փաշինյանին անվանեց քաղաքական ստախոս. Վոլոդյա Հովհաննիսյան

«Այն, որ թուրքական գործակալական ազդեցությունը Հայաստանում արդեն իսկ գերիշխում է, հասարակական կարևորագույն դերակատարում ունի, դա փաստ է: Մենք գիտենք, որ մեր ԱԺ նախագահը բացահայտ «Օմեգա» է, բացահայտվեց, որ կրթական հիմնական ծրագրերը մշակող հանձնաժողովի 5 անդամներից 4-ը թուրքերի հետ են համագործակցում: Տխրահռչակ վերջին հայտարարությունների հեղինակ Անուշ Բեղլոյանն էլ, պարզվեց՝ 2018թ. Բոսնիայում և Հերցեգովինայում թուրքական շահերի պաշտպանը՝ միջազգային կառույցներում: Այսինքն, նա ամբողջովին թուրքական շահերի գործակալ է»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց պահեստազորի սպա Վոլոդյա Հովհաննիսյանը։

«Երբ Անուշ Բեղլոյանը հայտարարում է, որ կարևոր չէ, թե ով է սկսել պատերազմը, և կարևոր չէ, թե ում է պատկանում Արցախը, դրանով մեծ հարված է տալիս Հայաստանի ինքնությանը և հայ ժողովրդի պատմական ճշմարտությանն ու թուրքական ջրաղացին ջուր է լցնում: Նա հայտարարեց, թե 30 տարի բանակ չենք ունեցել և, փաստորեն, Նիկոլ Փաշինյանին անվանեց քաղաքական ստախոս, որովհետև 2018թ. Սարդարապատի ճակատամարտի տոնին նա հայտարարեց, որ ունենք հզոր բանակ, որը Արցախի և Հայաստանի պաշտպանության երաշխավորն է: Փաստորեն, Անուշ Բեղլոյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը ստել է՝ մենք բանակ չենք ունեցել, հայտարարեց, որ Վաղարշակ Հարությունյանը զինվորական ոչնչություն է, իսկ Վաղարշակը 2016, 2017թթ. 2 հայտարարություն է արել, որ մեր բանակը այնքան հզոր է, որ Ադրբեջանն անգամ մարտավարական խնդիրներ չկարողացավ լուծել: Ա. Բեղլոյանը ստախոս անվանեց նաև Անդրանիկ Քոչարյանին՝ ասելով, որ նա խամաճիկ է»,- ասաց Վ․ Հովհաննիսյանը:

Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե որոշ մարդկանց «բենթլիներն» ու դղյակները չհասցրինք ԱԹՍ դարձնել, «մեղավոր ենք, կուղղենք սխալը», Հովհաննիսյանն ասաց․

«Ուզում եմ հարց տալ՝ ո՞ւր գնացին օլիգարխներից հավաքած բռնոցի-բաց թողոցի այդ հսկայական փողերը: Ո՞ւր գնացին 150 միլիոն պարգևավճարները: Առանց արդյունքի՝ 2 միլիարդ պետական պարտք է ավելացվել մինչև պատերազմը. ո՞ւր են գնացել այդ փողերը: Ո՞ւր է գնացել կորոնավիրուսի դեմ պայքարի 800 միլիոնը, որ եկել է ՀՀ: «Հայաստան» համահայկական հիմնադրամից 110 միլիոն փող է փոխանցվել բյուջե, ո՞ւր է գնացել դա:

Ուզում եմ նայել Ալեն Սիմոնյանի աչքերին ու ասել՝ ի՞նչ փողերով ես մայրիկիդ անունով 300.000 դոլարանոց երկհարկանի տուն գնել: Մամուլում շրջանառվում է: 150.000 դոլարանոց «Ռեյնջ Ռովեր» ի՞նչ միջոցներով ես գնել: Օդում պտտվող լուրերի համաձայն՝ իմքայլականները 2.5 տարում ՀՀ-ում ձեռք են բերել 150 միլիոն դոլարի անշարժ գույք՝ մոտավոր հաշվարկով: Այս փողերով ԱԹՍ առնեիք, Ալեն Սիմոնյան»,- ասաց նա:

Պահեստազորի սպան դժգոհեց նաև նրա համար, որ 2.5 տարում չեղան կոռուպցիոն բացահայտումներ:

«Կամ դուք սուտ էիք խոսում, կամ ավելի կոռումպացված եք»,- նշեց Վոլոդյա Հովհաննիսյանը:

Նա հայտնեց նաև, որ շուրջ 250 հասարակական-քաղաքական գործչի, ազատամարտիկի նկատմամբ քրեական գործ է հարուցված, կամ կասկածյալ են համարել, կամ մեղադրանք են առաջադրել, այդ թվում՝ իրեն:

«ՀՀ ԱԱԾ-ի և Դատախազության ուշադրությունը հրավիրում եմ հետևյալի վրա. խնդրում եմ, ուսումնասիրեք, թե ինչպիսի քաղաքական, տնտեսական, ռազմաստրատեգիական, մարտավարական նպատակներով է չեղյալ հայտարարվել ՌԴ-ի հետ կնքված 100 միլիոնի պայմանագիրը, որով ՀՕՊ սարքավորումներ պետք է գնվեին: Պետք է ձեռք բերվեին նաև Չինաստանից: Ո՞վ է չեղյալ հայտարարելու հեղինակը եղել: Ո՞վ է եղել արաբական երկրներից 27 միլիոնի փչացած ՀՕՊ միջոցներ բերելու հեղինակը, որ ոչ մի հատ չեն կրակել»,- նշեց պահեստազորի սպան:

Տեսանյութեր

Լրահոս