«Կոռուպցիան պոզո՞վ է լինում, պոչո՞վ, թե մեր աչքն է արդեն սովորել․․․ Ի՞նչ մասնակցություն է ունեցել այդ գործարքում Տիգրան Ավինյանն ու Վարագ Սիսեռյանը»

Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես տեղյակ եք «Թիմ» ՍՊԸ-ն պատրաստվում էր ձեռք բերել «Բիլայն Արմենիան», որի գործարքը ի վերջո իրականացվեց պատերազմական ծանր օրերին։

Ժամանակաշրջանով պայմանավորված բազմաթիվ հարցեր ռազմավարական այս ոլորտում մնացին չպարզաբանված, իսկ գործարքի ավարտին փոխվարչապետ Ավինյանի աշխատակազմի ղեկավարի նոր աշխատանքը էլ ավելի շատ հարցադրումներ հարուցեց։ Հիշեցնեմ, որ Վարագ Սիսեռյանը օրերս նշանակվեց «Բիլայն» ընկերությունը գնած «Team Telecom Armenia» ընկերության փոխտնօրեն՝ ութանիշ աշխատավարձային դրույքաչափով։

Հիմնական հարցադրումը հետևյալն էր. նորաստեղծ և ոչ այնքան մեծ ռեսուրսներ տիրապետող ընկերությունը ինչպե՞ս կարող է տասնյակ միլիոնավոր դոլարների արժողության գնում իրականացնել։

Եվ անգամ վարկի դեպքում, ինչո՞ւ պետք է ռիսկի դիմի առևտրային բանկը և նորաստեղծ կազմակերպությանը հատկացնի այդչափ մեծ վարկային միջոցներ։

Այսպիսով տեղեկացնում եմ, որ 2020թ. հոկտեմբեր ամսվա վերջին (պատերազմի ամենածանր ժամանակահատվածում) կառավարությունը ոչ հրապարակայնության պայմաններում, առանց պետական շահի հիմնավորման տրամադրում է պետական երաշխիք «Թիմին», որպեսզի վերջինս կարողանա առևտրային բանկերից մեկի միջոցով իրականացնել գործարքը։ Այլ կերպ ասած անհաջողության դեպքում պետությունն է կրելու այն վարկային բեռը, որի շնորհիվ նորաստեղծ կազմակերպությունը գնել է «Բիլայնը» և վերջինիս բարձրաստիճան պաշտոնյաներին նշանակել ութանիշ աշխատավարձեր։

Դիմում եմ կառավարությանը՝ հրապարակելու վերջինիս որոշումը, համաձայն որի պետությունը մտել է այդ բեռի տակ՝ աջակցելու նորաստեղծ մասնավոր կազմակերպությանը։

– Ի՞նչ շահագրգռություններից ելնելով է կառավարությունը կայացրել այդ որոշումը,

– Ի՞նչ մասնակցություն է ունեցել այդ գործարքում կառավարության անդամ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և վերջինիս աշխատակազմի ղեկավար Վարագ Սիսեռյանը

– Եվ վերջապես Կոռուպցիան պոզո՞վ է լինում, պոչո՞վ, թե մեր աչքն է արդեն սովորել»։

Տեսանյութեր

Լրահոս