Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 3-8-ը կկարողանա մեկնել Հայաստանից դատարանի թույլտվությամբ. դատախազ

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստի մեկնարկի ժամանակ, մինչ դատարանը կանցներ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության քննությանը, մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարությամբ հանդես եկավ, որի հիմքը ոստիկանությունից ստացած տեղեկություններ էին և վերը նշված գործով ամբաստանյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ սահմանը հատելու համար դատավոր Աննա Դանիբեկյանի տված թույլտվությունը:

«Գրությամբ հայտնվել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը թույլատրել է Ռոբերտ Սեդրակի Քոչարյանին 2021թ.-ի  փետրվարի 3-ից մինչև 2021թ.-ի փետրվարի 8-ը ներառյալ ժամանակահատվածում մեկնել ՀՀ-ից: Եվ դրա հիման վրա խնդրվել է Ոստիկանությանը Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ժամանակավորապես՝ նշածս ժամանակային միջակայքում, վերացնել, այնուհետև կրկին կիրառել…

Մեզ հայտնի չէ, թե Ռոբերտ Քոչարյանին ինչի հիման վրա է թույլատրվում մեկնել ՀՀ-ից, ինչով է դա պայմանավորված, ինչով է որոշվում մեկնելու և վերադառնալու ժամանակահատվածը՝ դատարանի կողմից թույլատրված: Ինչի համար եմ ասում, որովհետև վստահ եմ, որ մենք պետք է տեղեկացված լինենք, քանի որ ամբաստանյալի՝ դատական նիստերին մասնակցությունը և դրա հետ կապված ռիսկերը շոշափում են մեր կողմից իրականացվող մեղադրանքի պաշտպանության սահմանադրական գործառույթը: Հետևաբար՝ մենք հավասարապես պետք է հնարավորություն ունենանք տեղեկացված լինելու այդօրինակ գրությունների պատճառների մասին, մասնակցելու դրանց քննարկմանը, հայտնելու դիրքորոշումներ, առարկելու կամ դրանց համաձայնելու»,- ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը:

Դատախազը դատարանին խնդրեց տրամադրել դատարանում առկա այն փաստաթղթերը, որոնց հիման վրա դատարանը որոշել է թույլատրել Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-8-ը լքել ՀՀ-ն: Ի պատասխան՝ դատարանը հայտնեց, որ մեղադրող կողմին կտրամադրվեն հարցվող փաստաթղթերը:

 Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728