«Հեռացողները մեծամասամբ Նիկոլ Փաշինյանի ընտրողներն էին». Նաիրա Զոհրաբյան
Այսօր ՀՀ քաղաքացիների մուտքը բացվեց դեպի ՌԴ: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որն առավոտից եղել էր օդանավակայանում, ասաց, թե այնտեղ զարհուրելի տեսարանի է ականատես եղել:
«Այն, ինչ կատարվում էր «Զվարթնոց» օդանավակայանում, դա Արմագեդոն էր: Պիտի տեսնեք, թե մեր հայրենակիցներն ընտանիքներով, նորածին երեխաներով ինչպես էին փախչում հայրենիքից… Այն հաջողակները, ովքեր ներբեռնել էին COVID-ի ծրագիրը և բոլոր կանոնները պահպանել էին, և նրանց հաջողվեց թռնել, նրանք իրենց համարեցին երջանիկ: Ես կարող եմ ցավալի կանխատեսում անել, որ այս արտագաղթը 90-ականների արտագաղթից ավելի զարհուրելի արտագաղթ է լինելու: Ինչո՞ւ: Որովհետև, ցավոք սրտի, մեր բազմաթիվ՝ հարյուր-հազարավոր հայրենակիցների համար այսօր Հայաստանն իր և իր երեխաների համար ամենավտանգավոր երկիրն է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Զոհրաբյանի փոխանցմամբ՝ ՌԴ մեկնող քաղաքացիները, ի պատասխան իր հարցերին, թե ինչու են մեկնում, ասել են, թե պատճառը հուսալքությունն է, հավատի կորուստը, այն, որ երաշխիք չունեն, որ վաղը թուրքը չի թակի իրենց դուռն ու չի մտնի իրենց տուն:
«Հեռացողները մեծամասամբ Նիկոլ Փաշինյանի ընտրողներն էին: Այո, նրանք էին… որովհետև պարզ էր, այն հատվածն էր, ով երկար տարիների հուսալքությունից, անարդարությունից, հուսահատությունից, Նիկոլի և նիկոլականության մեջ, իշխանության, այդ հեղափոխության մեջ տեսել էր հույս և հավատում էր, որ, իրոք, ինքը 3 միլիոն վարչապետներից մեկն է, որ ինքն այլևս լավ է ապրելու, որովհետև Նիկոլը թալանածը հետ է բերելու և ծրարներով բաժանելու է 3 միլիոն վարչապետներին»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը: