«Ի՞նչ արդյունք եք ուզում, երկու կիլո պեչենի՞». Արմեն Գրիգորյանը՝ ակցիաների արդյունավետության մասին

Այսօր մտավորակաները Շառլ Ազնավուրի անվան հրապարակից երթով շարժվեցին  դեպի Ֆրանսիայի դեսպանատուն՝ նամակ  հանձնելու՝ խնդրանքով, որ օգտագործեն իրենց ազդեցությունն ամբողջությամբ՝ ստիպելու Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին և զոհված զինծառայողների դիերը: Երեկ նույն տեղից երթով  գնացել էին նաև Ռուսաստանի դեսպանատուն: Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաջորդը լինելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրի՝ ԱՄՆ-ի դեսպանատունը: Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ այսօր երթի մասնակիցների ձեռքին չկան անհետ կորած և զոհված զինծառայողների նկարները, որոնց դիերը դեռ չեն գտնվել, այն, ինչ արել էին  կիրակի օրը, Գրիգորյանը պատասխանեց.

«Լուսանկարները բացակայում են, որովհետև որոշ լրատվամիջոցներ փորձեցին սկանդալ սարքել, քանի որ այդ լուսանկարներից մեկը եղել է մահացած զինվորի լուսանկար, որը որ հողին հանձնվել է: Բարեկամներին սադրեցին, այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւմն էր սկանդալը, բայց փորձեցին սկանդալ սարքել, և շատ ծիծաղելի բան ստացվեց: Այդպիսի լրատվամիջոցներ կան, որ չեն հանգստանում մինչև հիմա: Մենք էլ հանեցինք նկարները»:

Շաբաթ օրվա ակցիայի ժամանակ պրոդյուսերը խորհուրդ էր տվել աշխարհի բոլոր ծայրերում ապրող մարդկանց՝ երկուշաբթի օրվանից  նամակներ ուղարկել բոլոր պատկան մարմիններին, իրենց երկրների Կառավարություններին, որ վերջինները իրենց բոլոր ջանքերն օգտագործեն՝ ստիպելու Ադրբեջանին կատարել իր պարտավորությունները: Լրագրողի հարցին ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ իր հորդորն արձագանք գտել է: Նա նաև անդրադարձավ այն պնդումներին, թե իրենց ապաքաղաքական ակցիան որևէ արդյունք չի տալու:

«Էս հարցից երեկ կատաղել եմ, կարող եմ մի հատ էլ հիմա կատաղել: Ի՞նչ արդյունք եք ուզում, երկու կիլո պեչենի՞, որ հանեն մեզ տան: Այն, ինչը որ պետք է արդյունք տա, կատարվում է, ոչ իշխանության կողմից: Սա մեր ձայնն է, որը միացնում ենք այն ծնողների ձայնին, որոնք չեն կարողանում իրենց գերի ընկած երեխաներին հետ բերել: Սա քաղաքացիական ակցիա է, որ ցույց տանք, որ տներում նստած չենք ու կաֆեներում կապուչինո չենք խմում: Սա արտաքին մասն է, իսկ ներքին մասում աշխատանք է տարվում: Այս ակցիայի արդյունքում այնպես չէ, որ դեսպանատան դարպասները պետք է բացվեն ու մեզ երկու հոգի մարդ տան»,- ասաց Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս