«ՀՀ նախագահն ունի իր պատկերացումներն իրավիճակի հանգուցալուծման ճանապարհային քարտեզի վերաբերյալ». Արմեն Սարգսյանը՝ ԲՀԿ քաղխորհրդի հարցադրումների և Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզի մասին

Նոյեմբերի 17-ին ԲՀԿ քաղաքական խորհուրդը, արձագանքելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձին, հայտարարություն էր տարածել՝ երկու հարցադրում ուղղելով ՀՀ նախագահին.

«1. Դուք նշում եք, որ Նիկոլ Փաշինյանը պիտի հրաժարական տա, իշխանությունը փոխանցելով հանրային վստահություն վայելող և պրոֆեսիոնալներից կազմված ազգային համաձայնության կառավարությանը: Արդյո՞ք դա նշանակում է, որ դուք լիարժեքորեն կիսում եք Վարչապետի անհապաղ հրաժարականը պահանջող 17 քաղաքական ուժերի դիրքորոշումը, և միանում եք դրան:

2. Իսկ գո՞ւցե ձեր հրապարակած ճանապարհային քարտեզը նպատակ ունի հնարավորինս երկարաձգել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: Եթե դուք հստակ և ուղիղ չեք պատասխանում այս երկու հարցերին, ապա ստիպված ենք լինելու արձանագրել, որ դուք իշխանությունների հետ հավասարապես կիսում եք Արցախի կապիտուլյացիայի ամբողջ պատասխանատվությունը:

ՀՀ նախագահից ակնկալում ենք այս երկու հարցերի անկեղծ պատասխանը»:

168.am-ը գրավոր հարցմամբ նախագահ Արմեն Սարգսյանից հետաքրքրվեց` արդյոք պատասխանելո՞ւ է ԲՀԿ քաղխորհրդի  հարցադրումներին, և, թե ինչպե՞ս է վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ճանապարհային քարտեզին: ՀՀ նախագահի աշխատակազմից այսօր ստացանք մեր հարցադրումների պատասխանները.

–  Պարո՛ն նախագահ, ե՞րբ եք պատրաստվում պատասխանել կուսակցության հարցադրումներին, և արդեն կա՞ արդյոք պատասխան:

– Հանրապետության նախագահը ստեղծված իրավիճակի վերաբերյալ արդեն իսկ հնչեցրել է իր ուղերձը կամ դիտարկումները՝ շատ պարզ և մատչելի լեզվով, բավականաչափ հստակ և աներկբա: Հանրապետության նախագահը բազմիցս նշել է, որ առաջնորդվում է միմիայն համազգային և համապետական շահերով։ Նախագահ Սարգսյանը որևէ քաղաքական ուժի կողմից չէ․ Հանրապետության  նախագահը ԺՈՂՈՎՐԴԻ կողմից է, գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, իսկ երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելուն ուղղված՝ Հանրապետության նախագահի դիտարկումները բխում են բացառապես համապետական և համազգային շահերից:

– Ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ վարչապետի առաջարկած ճանապարհային քարտեզին:

– Հանրապետության նախագահն ունի իր պատկերացումներն իրավիճակի հանգուցալուծման ճանապարհային քարտեզի վերաբերյալ, որի առաջին քայլերի մասին խոսել է դեռևս նոյեմբերի 16-ի ուղերձում: Այն հիմնված է ստեղծված իրավիճակի հաղթահարման սեփական պատկերացումների, ինչպես նաև ոլորտային մանրամասն վերլուծությունների, գնահատականների և արժեքների վրա:

Ճանապարհային քարտեզը պետք է հստակ պատասխանի՝ այս կամ այն խնդիրն ինչպե՞ս ենք լուծելու, ո՞վ կամ ովքե՞ր են լուծելու, ի՞նչ միջոցներով, ինչքա՞ն ժամանակում, ովքե՞ր են լինելու դրա պատասխանատուները: Նախագահական ինստիտուտը Հանրապետության նախագահի կողմից առաջարկվում է՝ որպես ժողովրդավարական ազատ հարթակ, որտեղ իշխանությունն ու ընդդիմությունը, որպես կողմեր, կարող են նստել մեկ սեղանի շուրջ, քննարկել  իրենց մոտեցումները: Այդ պարագայում Հանրապետության նախագահը պատրաստ է նրանց ներկայացնել իր ճանապարհային քարտեզը:

Տեսանյութեր

Լրահոս