Ռուսաստանն ավարտել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը
Ռուսաստանն ավարտել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումը: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
ՌԴ ՊՆ նախարարի խոսքով ՝ ընդհանուր առմամբ ինքնաթիռներով կատարվել է 250 չվերթ, տեղափոխվել է 1 960 մարդ և 552 միավոր տեխնիկա, տեղակայվել է 23 դիտակետ: «Խաղաղապահ առաքելության ղեկավարման համար կառավարման համակարգ է ստեղծվել, որը թույլ է տալիս օպերատիվ արձագանքել իրադրության փոփոխությանը», – ասել է Շոյգուն: ՌԴ ՊՆ նախարարը հայտնել է, որ Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղի տարածքը գտնվում են ռուս խաղաղապահների լիակատար վերահսկողության ներքո, միջանցքի տարածքն ու մինչև Ստեփանակերտ ձգվող 28 կմ ճանապարհահատվածը լիովին մաքրված են պայթունավտանգ առարկաներից և ջարդված տեխնիկայից:
Շոյգուն նշել է, որ նոյեմբերի 14-ից ի վեր ապահովվել է 4 436 մարդու անվտանգ վերադարձը Ստեփանակերտ:
«Նոյեմբերի 17-ից բացվել է քաղաքացիական տրանսպորտի անվտանգ երթևեկությունը», – եզրափակել է նախարարը: