Նվիրատուները հաշվետվություն են ակնկալում Հայաստան համահայկական հիմնադրամից, սակայն ղեկավարությունն անընդհատ հետաձգում է այն․ Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆյեսբուքյան գրառմամբ անդրադարձել է պատերազմի ժամանակ Հայաստան համահայկական հիմնադրամի ուղղված դրամական միջոցներին, հիմնադրամի հաշվետվողականությանը։ Գրառման մեջ ասվում է․

«Պատերազմի առաջին օրերից «Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարեց պատերազմի ընթացքում հայրենիքին օժանդակության`«Մենք ենք, մեր սահմանները» ծրագրի մասին։ Այս ընթացքում արդեն հավաքվել է շուրջ 170 միլիոն դոլար, որի մեծ մասը հայկական Սփյուռքից։

Ինքս եմ ականատես եղել այն մեծ ոգեւորությանը, որով ԱՄՆ-ում բնակվող հայությունը միացավ այս համազգային նախաձեռնությանը։ Ստեղծվեցին դրամահավաքի ենթածրագրեր, որով բազմապատկվում էր հավաքված գումարը, գիտեմ դեպքեր, երբ մարդիկ տարիներով հավաքած դրամագլուխը, որով պատրաստվում էին տուն գնել, նվիրաբերել են հիմնադրամին, երբ կանխիկ միջոցներ չունեցողները վաճառում էին իրենց ավտոմեքենաները, դատարկում էին կրեդիտ քարտերը, եւ այդ միջոցները նվիրում հիմնադրամին։

Այժմ պատերազմն ավարտվել է։ Ցավոք, հիմնադրամի միջոցներն իրենց հայտարարած խնդրի լուծմանը՝ սահմանների եւ բանակի ամրապնդմանը, չծառայեցին, ՀՀ ղեկավարը կապիտուլյացիա ստորագրեց։ Տեղյակ եմ նաեւ, որ Հայաստանում օգնություն կազմակերպած կամավորներին շատ դժվար է, եթե ոչ անհնարին, հիմնադրամից աջակցություն ստանալ վիրավորների եւ փախստականների կարիքները հոգալու համար։

Միաժամանակ, նվիրատուները հիմնադրամի ղեկավարությունից հաշվետվություն են ակնկալում՝ հասկանալու, թե ինչ նպատակի են ուղղվել գումարները, եւ ընդհանրապես՝ ո՞ւր են դրանք։ Հիմնադրամի ղեկավարությունն անընդհատ հետաձգում է հաշվետվություն ներկայացնելը` ծնելով արդարացի կասկածներ միջոցների նպատակայնության վերաբերյալ։

Անհրաժեշտ է ստեղծել հիմնադրամի հաշվետվության այնպիսի մեխանիզմ, որը ցանկացած պահի տեղեկություններ կտրամադրի միջոցների մուտքի եւ ելքի մասին, ցույց կտա ծրագրերի թիրախայնությունը։

Ներկայումս ԱՄՆ-ում լուրջ հիասթափություն կա հիմնադրամի գործունեությունից։ Արդեն կանգնեցվել են դրամահավաքի շատ ենթածրագրեր։ Խնդիրն այն է, որ նման հիմնադրամների նկատմամբ վստահությունը շատ դժվար է ստեղծվում։ Կառավարությունները գալիս են եւ գնում, իսկ հիմնադրամի ներկա հաշվետվողականության պակասը խոչընդոտ է հանդիսանալու նաեւ հաջորդ կառավարությունների ժամանակ նրա գործունեության համար»։

Տեսանյութեր

Լրահոս