«Սա անբարոյականության վերջին գագաթն է, այլ խոսքեր չեմ կարող գտնել». Արթուր Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, արդեն մի քանի ժամ է, խուզարկություն են իրականացնում «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ծնողների բնակարանում։
Արթուր Վանեցյանը, ով այդ լուրը լսելուն պես շտապել էր ծնողների բնակարան, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ամենը հերթական ապօրինությունն է, որն իրականացվում է իշխանությունների կողմից։
«Սա ապօրինություն է, որն իրականացվում է իշխանությունների կողմից, իրենց դավադիր պլանները։ Սա անբարոյականության վերջին գագաթն է, այլ խոսքեր չեմ կարող գտնել։ Ծնողներիս տունն ի՞նչ կապ ունի, չեմ հասկանում, թող անեն, եթե սրանով պետք է իրենց հայրենիքի վաճառքի դավադիր պլանը կյանքի կոչեն։ Իսկ մենք պատրաստ ենք այդ դավադիր պլանի իրականացումը թույլ չտալ, նույնիսկ կյանքի գնով կարող ենք պայքարել»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Մինչև Արթուր Վանեցյանի ծնողների բնակարան գնալը, ԱԱԾ աշխատակիցները եղել են նաև նրա բնակարանում, որի վերաբերյալ Ա. Վանեցյանն ասաց. «Այս փնթի իշխանություններն իրենց գործելաոճը չեն փոխում։ Եկել են մեր տուն խուզարկության, բերել են դատարանի սանկցիա այլ հասցեի, որի արդյունքում մեր բնակարանի խուզարկությունը չիրականացավ։ Կարծում եմ՝ հիմա կգնան կուղղեն, նորից կգան ու խուզարկություն կանցկացնեն, բայց ես որևէ խնդիր չունեմ, կարող են գալ խուզարկության՝ երբ կցանկանան»։
Նա տեղեկացրեց, որ ԱԱԾ աշխատակիցները բավականին շատ են, և ծնողների տանը շարունակում են քննչական գործողություններ կատարել։
Հարցին՝ ի՞նչ են փնտրում, Արթուր Վանեցյանը պատասխանեց՝ զենք, զինամթերք, ինչ-որ համակարգիչներ։
«Հորս տանը կա բավականաչափ որսորդական զենք, որի պահումն օրինական է, այն ներկայացվել է նախաքննական մարմնին, արգելված իրեր չեն հայտնաբերվել։ Ամբողջովին պլանավորված գործողություններ են իրականացնում, մեր գործունեությունը՝ միտված հայրենիքի փրկությանը, չկա օրինականության որևէ նշույլ։ Ուզում եմ դիմել իրավապահ համակարգի տղերքին ու ասել՝ տղերք, մի դարձեք հայրենիքի վաճառքի մասնակից, դուք ուսադիր ունեք, պատիվ ունեք, մի դարձեք դրա մասնակիցը՝ այսքան բան»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում