«Մտավորականությանը ո՞վ է բանի տեղ դնում, մտավորական եմ, բայց արդեն ձանձրացել եմ, չեմ ուզում խառնվել ոչ մի բանի». Նիկոլայ Ծատուրյան

ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի խոսքով՝ հանրությունը պետք է հանգստանա, տեղը նստի ու երկիր սարքի, հակառակ դեպքում երկիրն ամբողջությամբ է քանդվելու։

«Մեզ մենակ քաղաքացիական պատերազմն էր պակաս, բոլորը թող հանգստանան ու լծվեն աշխատանքի, անկախ նրանից, թե ով կլինի իշխանությանը, արդեն ինձ համար լրիվ մեկ է, միայն թե երկիրը դառնա ծաղկուն, հզորանա։ Վաղը-մյուս օրը Ադրբեջանը չի հանգստանալու, նա ամբողջ Արցախն է ուզելու, դրա համար մենք պետք է զինվենք, փող հայթայթենք և կամավորագրվենք այդ գործին, որ իսկապես վաղը-մյուս օրը կարողանանք հաղթել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլայ Ծատուրյանը։

Նա նաև հավելեց, որ պետք է Հայաստանն այնքան հզորանա, որ թշնամին վախենա, այնպես, ինչպես դա արեց Իսրայելը, երբ զարգացավ ու հզորացավ, իսկ դրա համար Հայաստանում պետք է զարգացնել գիտությունը, արդյունաբերությունը, առողջապահական համակարգը, սկսել զենք արտադրել։

Հարցին՝ սպասելի՞ էր, որ հանրության մեծ մասի վստահության քվեն ստացած իշխանության վարչապետը գաղտնի կարող է կապիտուլյացիայի  փոստաթուղթ ստորագրել, որին տեղյակ չի եղել նույնիսկ երկրի նախագահը, Նիկոլայ Ծատուրյանը պատասխանեց՝ լսել է, որ իրավիճակը ռազմաճակատում շատ էր բարդացել, և հազարավոր կյանքեր էին վտանգված, հետևաբար՝ կարծում է, որ ճնշումը եղել է ստեղծված իրավիճակով։

«Ինչ վերաբերում է նախագահին, գուցե վարչապետը ստորագրել է ու չի հասցրել ասել»,- հավելեց նա։

Թե ստեղծված իրավիճակում ո՞րը պետք է լինի մտավորականության անելիքը՝ հարցին, Նիկոլայ Ծատուրյանը պատասխանեց. «Մտավորականությանը ո՞վ է բանի տեղ դնում, ես մտավորական եմ, բայց արդեն ձանձրացել եմ, արդեն չեմ ուզում խառնվել ոչ մի բանի։ Ես մի բան գիտեմ ու միշտ էլ ասել եմ, եթե Բյուզանդիան և Ասորեստանը վերացել են որպես պետություններ, ապա ինչո՞ւ է բոլորին թվում, որ 21-րդ դարում Հայաստանը չի կարող վերանալ։ Ուրեմն՝ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի Հայաստանը չկորցնենք, իսկ դրա վտանգը կախված է։ Ինչ վերաբերում է մտավորականությանը, ապա ես չեմ սիրում գնալ մտնել ամբոխի մեջ և ձեռքեր թափ տալ, դա մեր գործը չէ։  Երբ ամեն ինչ խաղաղվի՝ ներկայացումներ կանենք, որոնց մեջ արտահայտված կլինեն բոլորի իղձերն ու նախազգուշացումները, որոնց մասին ես ասում էի»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին հրապարակվել էր Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահների հայտարարության պաշտոնական տեքստը, որով դադարեցվում է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմը։ Պատերազմի ավարտի ու կրակի դադարեցման մասին համաձայնագրում նշված է` պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Տեսանյութեր

Լրահոս