Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան, սիրիական վարձկանները, Պակիստանը և այլ ուժեր, ինչու արդեն այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Ավետիք Չալաբյանը՝ Փաշինյանին

Նոյեմբերի 13-ի երեկոյան Կապիտուլյացիայի ակտը ստորագրած, սակայն դեռևս վարչապետի պաշտոնում գտնվող Նիկոլ Փաշինյանը հարցազրույց տվեց հանրային հեռուստատեսությանը, իրեն հատուկ ոճի մեջ փորձելով արդարացնել իր գործողությունները, և ստեղծված անմխիթար իրավիճակը բացատրել տարբեր օբյեկտիվ գործոններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը։

«Ի տարբերություն մեր բազմաթիվ քաղաքացիների, որոնք մինչև պատերազմի վերջին օրը ապրում էին իշխանությունների ստեղծած ինֆորմացիոն վակուումի մեջ, ես իմ գործընկերների հետ ամենօրյա ռեժիմով վերլուծում էինք ռազմաճակատից ստացվող տարաբնույթ և հակասական տեղեկատվությունը, և շատ լավ հասկանում էինք, որ առնվազն ռազմաճակատի հարավային մասում, ռազմական գործողությունների ընթացքը բարենպաստ չէր հայկական բանակի համար։ Այս իմաստով, մենք ընդունում ենք պրն Փաշինյանի այն պնդումը, որ ինչ որ պահից սկսած, ռազմական գործողությունների հետագա շարունակումը դառնում էր անիմաստ, քանի որ այն չէր կարող հանգեցնել ռազմական հաղթանակի, սակայն կբերեր նորանոր կորուստների։

Դրանով հանդերձ, քանի որ պրն Փաշինյանը փորձում է այդ օբյեկտիվ իրողությամբ պատճառաբանել Կապիտուլյացիայի հռչակագրի ստորագրումը, և շրջանցել բազմաթիվ այլ կնճռոտ հարցեր, ես ստորև մի շարք հարցեր կուղղեմ նրան, այն ակնկալիքով, որ հասարակությունը դրանց ևս լուրջ կվերաբերվի, և նույն հարցերի պատասխանները կպահանջի վարչապետի պաշտոնը ցայժմ զբաղացնող անձից։ Մասնավորապես՝

ա) Ադրբեջանի նախագահը բազմիցս է պնդել, որ վարչապետ Փաշինյանը իր ապակառուցողական հայտարարություններով և գործողություններով իրեն հիմք է տվել Արցախյան հարցի լուծումը տեղափոխել ռազմական տիրույթ։ Անկախ նրանից, որքանով է դա ճիշտ, ակներև իրողությունը այն է, որ պատերազմական գործողությունները սկսելուց հետո, Մինսկի խմբի համանախագահ երկրները կոշտ հակաքայլեր չեն ձեռնարկել՝ այդ գործողությունները կասեցնելու համար, ի տարբերություն 2016 թ․ ապրիլի, երբ նրանց կոշտ միջամտության արդյունքում, հիմնական ռազմական գործողությունները դադարեցին արդեն 5-րդ օրը։ Ի՞նչով եք բացատրում Մինսկի խմբի համանախագահ երկրներ վարքագծի այդպիսի փոփոխությունը, և ո՞րն է Ձեր անձնական դերը այս հարցում։

բ) Այս տարվա օգոստոսի սկզբին, Ադրբեջանը և Թուրքիան Ադրբեջանի տարածքում աննախադեպ մասշտաբի զորավարժություններ իրականացրին, որից հետո թուրքական սպառազինությունը մնաց Ադրբեջանի տարածքում, և դա հանրորեն հայտնի փաստ էր և հիմք էր տալիս ենթադրելու, որ այս երկու երկրները Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիայի են պատրաստվում։ Այս պայմաններում ի՞նչպիսի կանխարգելիչ գործողություններ եք Դուք ձեռնարկել, կամ ի՞նչու չեք ձեռնարկել։ Մասնավորապես, ի՞նչու չեն իրականացվել պահեստազորի նախապատրաստական զորահավաքներ, սպառազինությունների հրատապ գնում և կուտակում, դաշնակից երկրների հետ պայմանավորվածությունների ձեռք բերում՝ ագրեսիայի դեպքում աջակցության վերաբերյալ։ Ի՞նչու ի վերջո մենք մեն-մենակ մնացինք թշնամու վիթխարի կոալիցիային դեմ հանդիման։ Հիշեցնեմ այստեղ, որ Ձեր մերձավոր զինակից Լիլիթ Մակունցը այդ շրջանում հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանի վրա չի հարձակվելու, և անհանգստության կարիք չկա։

գ) Երբ պատերազմը սկսվեց, և ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան, սիրիական վարձկանները, Պակիստանը, և անուղղակիորեն այլ ուժեր, ինչու Դուք արդեն այդ պահին չդադարեցրիք պատերազմը՝ սահմանափակելու մեր հնարավոր կորուստները։ Ի՞նչն էր Ձեզ հիմք տալիս ենթադրելու, որ Հայաստանը և Արցախը, իրենց սահամանփակ ուժերով և ռեսուրսներով, կարող են հաղթել այդպիսի հզոր թշնամուն։ Ի՞նչ են Ձեզ խորհուրդ տվել այս կապակցությամբ մեր զինվորական ղեկավարները։

դ) Լուրեր են պտտվում, որ նրանից հետո, երբ թշնամին հարավային ճակատում ճեղքեց առաջնագիծը, մեր զինվորական ղեկավարությունը որոշում է ընդունել նահանջել հաջորդ բնագիծ և այնտեղ շարունակել պաշտպանական մարտերը, սակայն Դուք բեկանել եք այդ որոշումը, և մեր եղած սուղ զրահատանկային միջոցներով հակագրոհ իրականացնելու հրաման եք տվել։ Արդյունքում այդ միջոցների մեծ մասը ոչնչացել են, թշնամու համար բացվել է ոչ միայն Ջաբրայիլի, այլև Հադրութի ճանապարհը, և դա ի վերջո բերել է հարավային ճակատում մեր զորքերի սրընթաց նահանջին։ Եթե սա չի համապատասխանում իրականությանը, խնդրում եմ հերքել այդ լուրերը, սակայն հիշեցնեմ, որ Դուք այդ հակագրոհի թեմայով հոկտեմբերի 6-ին հայտարարություն եք արել։

ե) երբ թշնամին հարավային ճակատում մոտեցավ Հայաստանի Հանրապետության սահմաններին, և արդեն կրակի տակ էին հայտնվելու ՀՀ տարածքները, ի՞նչու Դուք չկագնեցրիք ռազմական գործողությունները։ Ի՞նչն էր Ձեզ հիմք տալիս ենթադրելու, որ ռազմական գործողությունները ընթացքը այդ պահից դեռևս կարելի է շրջել։ Եվ եթե այդպիսի ենթադրություններ ունեիք, ի՞նչու դրանք չարդարացան։

զ) Դուք հայտարարեցիք, որ թշնամու կողմից Շուշի մտնելուց հետո, տեղի ունեցան երկու հակագրոհներ, որոնցից երկրորդը հաջող էր, սակայն մենք չկարողացանք այն զարգացնել։ Բոլոր դեպքերում սակայն, մեր ուժերը կարողացան ամրանալ Շուշիի հյուսիսային հատվածում, փակել Ստեփանակերտ տանող ճանապարհը և ձախողել թշնամու Շուշուց առաջանալու հետագա փորձերը։ Ինչն է Ձեզ հիմք այդ դեպքում տալիս պնդելու, որ դրանից հետո Ստեփանակերտը ևս վտանգված էր։ Ինչու էր պետք Ստեփանակերտում խուճապ ստեղծել, եթե Ձեր իսկ խոսքերով, մենք դեռ մոտ 25 000 կռվող ուժ ունեինք Արցախում, իսկ Շուշին գրավել էին թշնամու ընդամենը մի քանի հարյուր զինվոր։

է) Եվ վերջապես՝ երբ Դուք ստորագրոմ էիք Կապիտուլիացիայի հռչակագիրը, ինչ իրավունքով և տրամաբանությամբ էիք նրա մեջ Արցախի երեք շրջաններից հայկական ուժերի դուրս բերման այդպիսի ժամանակացույց ներառում՞։ Պատկերացնում եք, թե ի՞նչ է նշանակում 5 օրվա ընթացքում դատարկել 1830 քկմ տարածքով հսկայական Քարվաճառի շրջանը։ Եթե նույնիսկ պատերազմ ենք պարտվել, ի՞նչպես կարելի այդպիսի ափալ-թափալ նահանջ իրականացնել մինչ այդ անառիկ բնագծերից, անտեր թողելով խաղաղ բնակչությանը, որն այսօր իր տներն է այրում, ու անիծում իր կյանքը կործանողներին։ Եվ ի՞նչ ենք ստանում մենք այդպիսի հսկայական տարածք առանց կռվի զիջելու դիմաց։

Այս հարցերին կարող են ավելանալ բազմաթիվ այլ հարցեր, և պատմությունը ի վերջո կկայացնի իր արդար դատավճիռը։ Թեև այս պարտությունը մեր բոլորինս է, և յուրաքանչյուրս պետք է խորապես գիտակցի պատասխանատվության իր չափը, Դուք եք եղել երկրի գլխավոր պաշտոնյան պատերազմի ընթացքում և դրան նախորդած 2,5 տարիներին, Ձեր ստորագրությունն է այս Կապիտուլյացիայի ակտի տակ, և Ձեր պատասխանատվությունն էլ արդյունքում ամենամեծն է։
Ընդունեք այսօր Ձեր բեռը խոնհարաբար, և մի փորձեք այն բարդել ուրիշների վրա։ Իսկ մենք, արդեն առանց Ձեզ, պետք է ուղիներ փնտրենք մեջքներս ուղղելու, և փրկելու և զարգացնելու այն, ինչ կարողացել ենք դեռ պահպանել»,-գրել է Ավետիք Չալաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս