«Ամոթ նրան, ով կասի՝ մեր զինվորը, գեներալը չի կռվել». Տարոն Տոնոյան
Բժիշկ Տարոն Տոնոյանն այսօր Ազատության հրապարակում դիմելով «Համախմբում՝ հանուն փրկության» հանրահավաքի մասնակիցներին, ասաց, որ պատերազմի 44 դժնդակ օրերի ընթացքում, օր օրի, երբ հայկական կողմի վիճակը դժվարանում էր, որոշել էր, որ պատերազմի դաշտից վերադառնալուց հետո երբեք չի խոսի։
«Բայց հիմա ես հարկադրված եմ խոսել, որովհետև ես չէի հավատում, որ Ազատության հրապարակում Արցախի կորստից հետո այսքան քիչ մարդ պետք է լինի։ Ափսոսում եմ մեր ազգի, այդ տղերքի թափած արյան համար, ափսոսում եմ, որ մարդիկ իրենց տանը նստած սպասում են, քանի դեռ կրակն իրենց տանը չի հասել, այսպես որ գնա, հասնելու է։ Զարթնեք, հայ ժողովուրդ, մենք պատերազմը տանուլ ենք տվել 1994 թվականի զինադադարի հաջորդ օրվանից, որովհետև դրանից հետո մենք չենք պատրաստվել հաջորդ պատերազմին այն լրջությամբ, որը պետք է մենք կատարեինք։ Պետք է խոստովանենք, մենք փողով ընտրություն ենք արել, մենք ընտրատարածքներից արկղեր ենք գողացել, դասեր պետք է քաղենք, եկավ ժամանակը, երբ ժողովուրդը ոտքի կանգնեց՝ մերժելու այդ երևույթները, և 70 տոկոս քվե տվեց այս ապաշնորհ իշխանությանը»,- հայտարարեց Տարոն Տոնոյանը։
Նա նշեց, որ հայերի պարտության այսօրվա սև ծաղկեպսակը դրեց 70 տոկոս վստահության քվե ստացած իշխանությունը։
Նա նաև շեշտեց՝ ժողովուրդը, զինվորը չեն պարտվել, և ով հայտարարի, թե զինվորը փախել է, նշանակում է՝ նա այդ զինվորին չի տեսել։
«Նա չի տեսել արյունաքամ զինվորին, ով հասնում էր հոսպիտալ ու ասում, որ չորս ընկերը մնացել են, իրենցից լուր չունի, ասում էր՝ չորսից երեքը մինուճար են։ Ամոթ նրան, ով կասի՝ մեր զինվորը, գեներալը չի կռվել։ Տեսեք, թե մեր գեներալներից ինչքան են «բլիժնի բոյի» ընթացքում հրազենային վերքեր ստացել։ Մեր բանակը կռվող բանակ է։ Պատերազմի առաջին յոթ օրերի ընթացքում մենք սարսափելի կորուստներ ենք տվել, բայց նահանջել ենք ընդամենը մի քանի սանտիմետր»,- նշեց բժիշկը և հավելեց, որ սա իշխանության կռիվ չէ, այլ պոռթկում է հայրենիքի կորստի։
Ըստ նրա՝ պետք է հասկանան, որ սրանով պատերազմը չի ավարտվում, և ներկայիս իշխանությունը 2,5 տարի փողոցային սուտասանի նման խաբել է ժողովրդին։
«Ինչ էր անում մեր իշխանությունը, երբ Թուրքիան Ադրբեջանում զորավարժություններ անցկացնելուց հետո իր ամբողջ զինտեխնիկան թողեց այնտեղ, չէին մտածում, որ պատերազմի են պատրաստվում»,- ընդգծեց Տարոն Տոնոյանը։