«Այդ պայմանագրով մենք ստանալու ենք պատերազմ ապագայում, այլ ոչ թե՝ ապագա». Վարդան Ոսկանյան
Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ «Հայրենիք» կուսակցության անդամ, արևելագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ հրապարակում հավաքվածներից յուրաքանչյուրի մտախոհության ու տխրության պատճառը մեկն է՝ կապիտուլյացիայի, հանձնման պայմանագիրը, որը ստորագրվել է մեկ անձի կողմից՝ բոլորի թիկունքում. «Այժմ էլ ձեզ բոլորիդ փորձում են համոզել, թե այդ պայմանագրով դուք ստանալու եք ապագա. այդ պայմանագրով մենք ստանալու ենք պատերազմ ապագայում, այլ ոչ թե՝ ապագա: Պատերազմ, որը թաքնված է այդ պայմանագրի դավաճանական կետերի ներքո»:
Արևելագետը թվարկեց բոլոր այն հետևանքները, որոնք իր համոզմամբ՝ հաջորդելու են այս համաձայնությանը. «Նախիջևանից դեպի՝ այսպես կոչվող, Ադրբեջան ձգվող ճանապարհը լինելու է մեր պետության կործանման սկիզբը, որովհետև այդ ճանապարհը կտրելու է մեր հայրենիքի պորտալարը, մեր հայրենիքի կենսական երակներից մեկը՝ սահմանը Իրանի հետ, սահմանը այն երկրի հետ, որը շատերդ կոչում եք Պարսկաստան, և այդտեղով անցնելու են թուրքերը:
Ձեզանից որևէ մեկը պատրա՞ստ է նստել այն գնացը, որն անցնելու է Նախիջևանի տարածքում՝ Ջուղայում, մեր նախնիների քարուքանդ եղած գերեզմանների կողքով, պատրա՞ստ եք, ոչ և ոչ:
Որևէ մեկը պատրա՞ստ է նստել այն գնացքը, որն անցնելու է մանրաքարի վերածված, խճի վերածված մեր խաչքարերի կողքով և հաճույք ստանալ այդ ճամփորդությունից, խնդրում եմ ասել՝ պատրա՞ստ է:
Հետևաբար՝ բոլորդ պետք է մերժեք այս դավաճանական փաստաթուղթը, և նրա ստորագրողը չպետք է ապագա ունենա մեր երկրում»:
Այստեղ կանգնած յուրաքանչյուրն արել է իրենից կախված ամեն ինչ հաղթանակի համար, բայց մեզ ստորագրությամբ պարտադրում են խայտառակ պարտություն:
Ձեզանից որևէ մեկը պատրա՞ստ է այս պողոտայում նստել թուրքական ռեստորանում. Մեզ խոստանում են ապագա, որտեղ այս փողոցում թուրքերը հող են դնելու և բացելու են ռեստորաններ»:
Վարդան Ոսկանյանը վերահաստատեց պահանջը՝ «դավաճանական համաձայնագիրը չպետք է արժանանա որևէ մեկի հավանությանը». «Իսկ ի՞նչ ենք առաջարկում մենք. փոխել այն մարդուն, որն իր տգիտության, իր գավառամտության, իր ստի և կեղծիքի միջոցով, որով կառավարել է ձեզ բոլորիդ այս 44 ծանր օրերի ընթացքում, և վերջին 2.5 տարվա ընթացքում խաբել՝ հասցնելով այս օրվան: Մենք առաջարկում են փոխել այդ անձին, փոխել բանակցողին՝ սա է պահանջը»:
«Հայրենիք» կուսակցության անդամը շեշտեց, որ իրենց նպատակն իշխանությունը չէ, և, որ այս պահին կա միայն մեկ միասնական ազգային նպատակ՝ ստանալ հնարավոր առավելագույնը «խայտառակ պայմանագրի պայմաններում», ինչը, ըստ նրա, հնարավոր է. «Հայ ժողովուրդն ունի արժանապատվության իրավունք:
Ձեզ համոզել են, որ դուք հպարտ եք. հպա՞րտ եք հիմա դուք՝ ոչ , ուստի անձամբ ես խոստանում եմ շարունակել իմ պայքարը այս դավաճանական թղթի դեմ, ես չեմ ստորագրում այդ պայմանագիրը»: