«Եթե անգամ բանակցային ողջ գործընթացում փոխզիջումների մասին խոսք է գնացել, ապա Հադրութը երբեք այդ տրամաբանության մեջ չի մտել»

Հադրութցիներն ու Արցախի մյուս շրջանների բնակիչներն այսօր հավաքվել էին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով, որ ՄԱԿ-ն արձագանքի Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, ինչպես նաև՝ վերադարձնել Հադրութը։

Ստեփանակերտցի Մերի Դավթյանի փոխանցմամբ՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը գրասենյակի բակում  հանդիպեց իրենց, լսեց, սակայն վերահաստատեց, որ ՄԱԿ-ը չի զբաղվում արցախյան հիմնախնդրով, և իրենք չունեն այդ մանդատը, բայց խոստացել են, որ ՀՀ կառավարության կողմի դիմումից հետո մեծ հումանիտար ծրագրերով կփորձեն աջակցել։

«Մեր բողոքի ակցիաները շարոււնակվելու են, առաջիկայում կգնանք նաև ԵՄ գրասենյակ։ Հադրութն Արցախի համար բացառիկ նշանակություն ունի։ Վահրամ Փափազյանն ասել է՝ եթե Արցախը ոսկե մատանի է, ապա Հադրութը նրա ադամանդե ակն է։ Այն չենք կարող թողնել մեր թշնամու ձեռքում։ Ցավոք, արցախյան հերթական պատերազմը կանգնեցվեց ամենադաժան ու անհասկանալի ձևով, և այն արդյունքը, որ ունենք, դրա հետ հաշտվել և համակերպվել դժվար է։

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, դիմել ենք ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի  դեսպանատներին․ պետք է Հադրութի նկատմամբ այս ագրեսիան չեզոքացվի՝ գոնե բանակցային սեղանին։ Այս տարիների ընթացքում բանակցային ողջ գործընթացում եթե անգամ փոխզիջումների մասին խոսք է գնացել, ապա Հադրութը երբեք այդ տրամաբանության մեջ չի մտել։ Այնտեղ բազմաթիվ քրիստոնեական հուշարձաններ կան, և աշխարհի հնագույն հնագիտական Ազոխի հնավայրը նույնպես Հադրութում է գտնվում, և այն թողնել ագրեսիվ թշնամուն՝ պարզապես աններելի է։ Մենք չենք լռելու և չենք համակերպվելու եղած իրողության հետ»,- նշեց Մերի Դավթյանը։

Տեսանյութեր

Լրահոս