«Արցախը կորցրել է Նիկոլ Փաշինյանը, իշխանության ողջ թիմը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և բոլոր նրանք, ովքեր առ այսօր հավատում են վերջիններիս»

Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաճախ տրվող հարցեր

?Հարց

Մենք կորցրե՞լ ենք Արցախը:

?Պատասխան

Հարցն արդեն իսկ իր մեջ պարունակում է մեր առկա իրավիճակի ողջ ողբերգությունը:

Մենք ունենք հետևյալ իրավիճակը՝ Արցախը կորցրել է Նիկոլ Փաշինյանը, իշխանության ողջ թիմը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և բոլոր նրանք, ովքեր առ այսօր հավատում են վերջիններիս և պայքարում իրենց րոպե ավել իշխանության մնալու համար: Հայ ժողովուրդը դեռ չի կորցրել Արցախը, բայց այս մարդիկ, ժամ ավել իշխանության մնալով, ստիպում են բոլորիս կորցնել Արցախը և հաշտվել այդ մտքի հետ: Արցախը չկորցնելու համար Հայաստանի և Արցախի գործող ղեկավարները վայրկյան շուտ պետք է հեռանան և նոր եկող բանկցողը/բանակցային թիմը պետք է փորձի հետ բերել այն, ինչն այս պահին հնարավոր է:

?Հարց

Հանրության բավականին մեծ հատվածը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է: Արդյո՞ք դրանից հետևում է, որ դավաճան են նաև Պաշտպանության նախարարն ու Գլխավոր շտաբի պետը:

?Պատասխան

Ե՛վ պաշտպանության նախարարին, և՛ Գլխավոր շտաբի պետին ուղղված բազմաթիվ հարցեր կան, որոնք դեռ անպատասխան են և որոնց պատասխանները թույլ կտան հստակ գնահատականներ տալ նրանց իրականացրած և չիրականացրած գործողություններին, այդ թվում՝ նրանց նկատմամբ որևէ մեղադրանքի առողջ կամ անառողջ լինելուն:
Հարցերից ամենագլխավորը կարելի է հենց հիմա էլ տալ. ինչպե՞ս պատահեց, որ նույն Գլխավոր շտաբից ստացված տեղեկատվության հիման վրա Նիկոլ Փաշինյանը ստորագրեց այս խայտառակ փաստաթուղթը, և նույն Գլխավոր շտաբից ստացված տեղեկատվության հիման վրա ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հանրությանն անընդհատ վստահեցնում էր, որ հաղթելու ենք, հաղթել ենք և այլն: Ինչպե՞ս ստացվեց, որ Գլխավոր շտաբի պետի, Պաշտպանության նախարարի դեռ մինչև պատերազմն իրավիճակի վերաբերյալ ներկայացրած ամբողջական զեկույցներից ունենալով այդ ողջ պատկերը՝ Նիկոլ Փաշինյանը հրահրում էր պատերազմ, նաև՝ պատերազմի ընթացքում ունեցել է այն կեցվածքը, ինչ ունեցել է, որն էլ հանգեցրել է այս խայտառակ փաստաթղթի ստորագրմանը:

Եթե նրանք չեն ներկայացրել իրավիճակն ամբողջությամբ, պետք է դրա համար պատասխան տան: Եթե ներկայացրել են, բայց Նիկոլ Փաշինյանն իրականացրել է իր դավադիր ծրագիրը, պետք է պատասխան տա Նիկոլ Փաշինյանը: Բայց միևնույն է կմնա հարց՝ նրանք տեսել են, որ իրենց ղեկավարն այս ամենը չի ընկալում և չի հասկանում, ի՞նչն է նրանց պահել իրենց աթոռներին:
Նրանց ընդվզումը՝ թեկուզ սեփական հրաժարականի տեսքով, այս հանրության համար սթափեցնող ազդակ կլիներ և, բնականաբար, կփոխեր իրավիճակը:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է ստանալ: Բայց հիմա կա մի շատ կարևոր հանգամանք. մենք ունենք դիվանագիտական ճանապարհով ինչ-որ բան փրկելու շանս: Մեր զորքերին այս պահին պետք է զսպվածություն և զգոնություն, քանի որ որևէ կերպ չի կարելի բացառել, որ Ադրբեջանն այս ընթացքում կարող է դիմել տարաբնույթ սադրանքների, իսկ բոլոր այս հարցերի ժամանակը կգա ավելի ուշ: Հիմա կա մեկ խնդիր՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը»:

 

Տեսանյութեր

Լրահոս