«Պարոն Միրզոյանին առնվազն դեռ մեկ վիրահատություն սպասվում է. վիճակը բժիշկները դրական են գնահատում». ԱԺ նախագահի օգնական
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ ԱԺ նախագահն արդեն իսկ վիրահատությունների է ենթարկվել։
«Պարոն Միրզոյանին առնվազն դեռ մեկ վիրահատություն սպասվում է, ընդհանուր վիճակը բժիշկները դրական են գնահատում, ապաքինման գործընթաց է գնում։ Նրա կյանքին առնվազն վտանգ չի սպառնում, բայց վնասվածքները բավականին ծանր են եղել։ Վիրահատությունները տեղի են ունեցել ձեռքի, դեմքի ու գլխի շրջաններում»,- նշեց նա։
Նա նաև տեղեկացրեց, որ Արարատ Միրզոյանի անվտանգության աշխատակիցները նույնպես ունեն վնասվածքներ, սակայն շարունակում են իրենց ծառայողական աշխատանքը։
«Կարծում եմ և հուսով, որ պարոն Միրզոյանը շուտով կկարողանա հաղորդակցվել հանրության հետ և իր գնահատականները փոխանցել վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Մեկ բան կարող եմ ասել, որ նա վստահ է, որ այսօր ՀՀ-ին կայունություն է անհրաժեշտ, և որևէ գործընթաց, որն այսօր կխաթարի երկրում կայունությունը, դրանք իր կողմից դատապարտելի են։ Այս ստորագրած փաստաթղթին Արարատ Միրզոյանը տեղյակ է եղել»,- հավելեց նա։