«Սա արդեն պարզ լակոտություն չէ, որի համար ուղղակի ականջներդ կքաշեն, սա լուրջ հանցանք է»․ Աղասի Ենոքյան

Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեզ լավ ծանոթ ասֆալտի ֆիդայիններին տեխնոլոգիաների դարաշրջանում փոխարինելու են գալիս Հ1-ի ֆիդայինները։

«Հեղափոխության պաշտպանների» մասնակցությամբ բեմադրված շոուն Հ1-ով խայտառակ վտանգավոր է: Մովսիսյան Հովոն նոր է այնտեղ աշխատանքի անցել եւ դեռ դուրս չի եկել «ֆեյքերի ֆաբրիկայի» տնօրենի տրամաբանությունից։ Նրա բեմադրությունից պարզվում է, որ ՀՀ տարածքի՝ Մեղրիի վրա եղել է ադրբեջանական հարձակում, եղել են տասնյակ վիրավորներ, որոնց իրենց ուսերի վրա դուրս են բերել շոուի մասնակից «Հեղափոխության պահապանները», հետո նրանք եկել են Երեւան, որ սատարեն վարչապետ Փաշինյանին ու ետ գնան դիրքեր։

Ու կրկին ՊՈԱԿ-ի նույն կլիշեներն են մտցնում շրջանառության մեջ՝ դղյակները թող ծախեն պատրոն առնեն, դասալիքներ, ինչու չէին գալիս մեզ օգնելու, եթե պատերազմը չդադարեր անիմաստ զոհեր էինք տալիս եւ այլ ստեր, որոնք անհայտ տեղերից ծիկրակելուց իր լայվերում օգտագործում է Նիկոլը։

Խայտառակություն է, ֆեյքապետեր, մեր պետությունը եւ մեր օլիգարխները փեշերով փող են թափում ձեր վրա, իսկ դուք նորություն չեք կարողանում գեներացնել։ Հիմա էլ առաջացել է եռամիասնություն՝ Նիկոլ-ֆեյքերի ֆաբրիկա-Հ1, բոլորն աշխատում են նույն պարզունակ շաբլոնների մեջ։ Թեեւ, միգուցե իրենք են ճիշտ՝ պողոսը սիրում է պարզունակ սուտը, իսկ այն տարբեր ալիքներով կրկնելուց պողոսի պրիմիտիվ ուղեղում ձեռք է բերում ճշմարտության տեսք։

Բայց շոուն նաեւ շատ վտանգավոր էր։ Փաստորեն, ստեղծվում է Հ1-ի ֆիդայինների դասակարգ, որը կարող է իր ստախոսությամբ որոշակի լեգիտիմություն ձեռք բերել։ Վաղը-մյուս օրը իրենց այս լեգիտիմությամբ սրանք կհայտնվեն հանրահավաքներում, ու արդեն ոչ որպես կեղտոտ սադրիչներ, այլ Հ1-ի Պետոյի ձեռամբ օրհնված հայրենասեր կամավորականներ կարող են ստեղծել Նիկոլի այդքան սպասված քաղաքացիական պատերազմի casus belli-ն։ Սա արդեն պարզ լակոտություն չէ, որի համար ուղղակի ականջներդ կքաշեն, սա լուրջ հանցանք է»։

Տեսանյութեր

Լրահոս