«Ինձ համար բացարձակ անընդունելի է խոսքի ազատության սահմանափակման ցանկացած դրսևորում». Իվետա Տոնոյանը՝ «Իմ քայլի» նոր նախագծի մասին

«Ես Գագիկ Ծառուկյանի առանձին նախաձեռնություններին չեմ անդրադառնալու այս պահին։ Կարող եմ ասել, որ պարոն Ծառուկյանն ամենօրյա ռեժիմով կապի մեջ է թե Ռուսաստանի, թե Եվրոպայի գործընկերների հետ։ Եվ բոլոր այդ հեռախոսազրույցների հիմքում ընկած է անհանգստությունն ու մտահոգությունը՝ Արցախում տիրող իրավիճակով պայմանավորված։ Իսկ որևէ այլ նախաձեռնության  ես իրավասու չեմ անդրադառնալու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Իվետա Տոնոյանը։

Անդրադառնալով կանաց ջոկատների ստեղծմանը և հարցին, թե ԲՀԿ-ական կանայք ներգրավվա՞ծ են այդ գործընթացներում, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ ԲՀԿ-ական կանայք հենց առաջին օրվանից զբաղված են մեծ ծավալի աշխատանք իրականացնելով, այդ թվում՝ նաև Արցախից Հայաստան տեղափոխվածներին տարբեր տեսակի աջակցություն տրամադրելով։

«Բազմաթիվ այլ նախաձեռնություններով ևս հանդես ենք գալիս, որոնց չէի ուզենա անդրադառնալ։ Մենք դա անում ենք, և կարծում եմ՝ մեր պարտքն է, և մենք պետք է իրականացնենք։ Եթե ոմանք կարծում են, որ սահմանին կռիվ տալով է, դա իրենց իրավունքն է, բայց ես կարծում եմ, որ մենք թիկունքում շատ մեծ անելիքներ ունենք, որը և իրականացնում ենք»,- շեշտեց Իվետա Տոնոյանը։

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծին, ըստ որի՝ ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ի կողմից հրապարակված հոդվածները, եթե խախտեն սահմանված կանոնները, հնարավոր է՝ լինի նաև ազատազրկում, Իվետա Տոնոյանն ասաց, որ նախագիծը դեռևս իրենց ձեռքի տակ չէ, այսինքն՝ պաշտոնական խողովակներով չի փոխանցվել, հետևաբար՝ կարող է միայն անձնական տեսակետը հայտնել։

«Ինձ համար բացարձակ անընդունելի է խոսքի ազատության սահմանափակման ցանկացած դրսևորում։ Կարծում եմ՝ մեր բոլոր լրատվամիջոցները, քաղաքացիներն ունեն բավականաչափ պետականամետ գիտակցություն։ Մենք օրինագծի հետ կապված հարցը դեռևս չենք քննարկել, կքննարկենք և մեր տեսակետը կհայտնենք»,- եզրափակեց Իվետա Տոնոյանը։

Տեսանյութեր

Լրահոս