Ռուսաստանը հստակեցնում է կարմիր գծերն Արցախյան հակամարտությունում

Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինն օրերս ուշագրավ հայտարարություններ է արել՝ խոսելով Արցախյան հակամարտության գոտում ահաբեկիչների և թուրքական հետախուզական ծառայությունների ներկայության մասին։

Նա մասնավորապես նշել է, որ ռուսական հատուկ ծառայությունները նկատում են թուրքական հետախուզական ծառայությունների աշխատանքը, ինչպես նաև այդ աշխատանքի առանձին տարրերը Ղարաբաղյան հակամարտության գոտում։ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը տարբեր աղբյուրներից տվյալներ է ստացել այն մասին, որ Ղարաբաղյան հակամարտությանը գրոհային ահաբեկիչներ են մասնակցում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքից, նախևառաջ` Սիրիայից։ Մեկնաբանելով հայկական կողմի հրապարակած տեսանյութն Արցախում գերեվարված սիրիացի վարձկանի մասին՝ Նարիշկինը նշել է, որ Ռուսաստանը մի շարք երկրներից տեղեկություն է ստանում, որ Հարավայի Կովկաս գրոհայիններ են տեղափոխվում։ «Մենք ստանում ենք այդ տվյալները մի շարք երկրներից, տարբեր աղբյուրներից ու մեր գործընկերներից, Մերձավոր Արևելքում, Միջին Արևելքում մեր գործընկեր ծառայություններից»,- պարզաբանել է Նարիշկինը։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայությունը համագործակցում է Հայաստանի ու Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ, Նարիշկինը նշել է, որ նրանց հետ փոխներգործության մեխանիզմներ կան։

«ԱՊՀ տարածքի բոլոր երկրների հատուկ ծառայությունների ու հետախուզական ծառայությունների, այդ թվում՝ Ադրբեջանի արտաքին հետախուզության ծառայության ու Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանման հետ համագործակցության հստակ մեխանիզմ կա»,- ասել է նա։

Նա նաև ասել է, որ զգում են թուրքական հետախուզական ծառայության աշխատանքը, տեսնում են այդ աշխատանքի առանձին տարրերը։

Մեզ հետ զրույցում ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովն ասաց, որ վերջին օրերին ռուսական կողմի արձագանքները՝ հակամարտության գոտում ահաբեկիչների ներկայության մասին, ուշադրության արժանի են հատկապես Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Չնայած, ըստ նրա, նման տվյալների հրապարակումը գուցե շատերին դուր չգա, սակայն դրանք արվում են, որովհետև ՌԴ-ն վերջին տասնամյակի ընթացքում ակտիվորեն պայքարել է ահաբեկչության դեմ Մերձավոր Արևելքում։ Իսկ Նարիշկինի ելույթները, նրա որակմամբ, չափազանց լուրջ են ընկալվում Ռուսաստանում, և նա պատահական քաղաքական գործիչ չէ։

«Շատ երկրներ էին մեղադրում ՌԴ քաղաքական վերնախավի որոշումը՝ գնալ Սիրիա, սակայն դա ճիշտ որոշում էր, և աշխարհում ներկայումս տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ն ճիշտ որոշումներ կայացրեց ոչ միայն՝ սեփական, այլև՝ համաշխարհային անվտանգության տեսանկյունից։ Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների ճամբարները ոչնչացնող երկիրը չի կարող անտարբեր լինել այլ գոտիներում ահաբեկչական խմբավորումների կուտակմանը, և եթե դրա շուրջ դիվանագիտական քննարկումներից ՌԴ-ն անցնում է հրապարակային հայտարարությունների, նշանակում է՝ իրավիճակը բավականին լուրջ է, իսկ թե այդ իրավիճակին ինչպիսի արձագանք կտան, չեմ կարող ասել, բայց Իդլիբի հարվածները, ինչպես օրեր առաջ ասացի, ՌԴ պատասխանն էին Ղարաբաղին։

ՌԴ-ն չեզոք դիրքորոշում է որդեգրել այն ամենի վերաբերյալ, ինչը տեղի չի ունենում ՀՀ տարածքում, բայց ահաբեկչական կուտակումների վրա աչք փակել չի հաջողվում։ Սիրիական զարգացումները ցույց են տվել, որ ՌԴ-ն ունի բավարար ռեսուրս դրա դեմն առնելու համար, և հենց Սիրիայում, որտեղից տեղափոխվում են»,- ասաց Լուկիանովը։

Ըստ նրա՝ կան հարցեր, որոնց վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը և դիրքավորումը դեռ ձևավորման փուլում է, քանի որ փոխվում է տարածաշրջանը և դրա վերաբերյալ ՌԴ դիրքորոշումը, բայց ահաբեկչությունն այն է, որ կարող է սպառնալ հենց Ռուսաստանին, և դա եղել է ՌԴ անվտանգային դոկտրինի առաջնահերթ սպառնալիքներից մեկը՝ հաշվի առնելով Սիրիայում ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների պատկանելությունը։

Այսինքն, նրա որակմամբ, Ռուսաստանի համար կան կարմիր գծեր, որքան էլ որ ՌԴ-ն վարում է նուրբ քաղաքականություն, սակայն չի հրաժարվում ուժային լուծումներից և բաղադրիչներից։

«Դրա վառ ապացույցն Իդլիբն է, որը հստակ ուղերձ էր։ Հետագա զարգացումների վեկտորը կդժվարանամ նշել, բայց կարծում եմ՝ ընդհանուր ուղղությունը դիվանագիտական և որոշ ուժային քայլերով կպահպանվի նաև ապագայում, եթե այլ ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն»,- ասաց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս