Կովիդ դրական թեստով 790 քաղաքացի սպասում է հոսպիտալացման, ազատ է միայն 294 մահճակալ

Առողջապահության նախարարության Կովիդ ծառայությունները համակարգող Գևորգ Սիմոնյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այս պահին հոսպիտալացման է սպասում կովիդ դրական կարգավիճակով 790 քաղաքացի: 168.am-ի հարցին, թե ի՞նչ վիճակում են գտնվում այդ  քաղաքացիները, և քանի՞ ազատ մահճակալ կա կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտներին սպասարկող հիվանդանոցներում, Սիմոնյանը պատասխանեց.

«790 քաղաքացիները գտնվում են միջին ծանրության, ծանր և ծայրահեղ ծանր վիճակում: Ծայրահեղ ծանրերը հոսպիտալացվում են առաջնահերթ: Այս պահին կա 294 ազատ մահճակալ»:

168.amԱռողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանից հետաքրքրվեց, թե պատրաստվո՞ւմ են նոր հիվանդանոցներ ներգրավել կորոնավիրուսային հիվանդություն ունեցողներին սպասարկելու համար:

«Կարծում եմ, որ արդեն որքան կա, բավական է, մնացածն էլ զինծառայողներին են ծառայում: Առողջապահական ռեսուրսն անսահման չէ: Նոր ռեսուրսներ ներգրավելու փոխարեն՝ պետք է հետևել կանոններին և չհիվանդանալ, չմտածել, թե նոր հիվանդանոց կլինի, ու գուցե տեղ լինի: Մարդկանց գիտակցությունը պետք է բարձրանա, որ այս պահին առողջապահական ռեսուրսն այլևս չի հերիքում»,- ասաց Նիկողոսյանը:

Ավելի վաղ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ մոտ 26 բժշկական կենտրոն սպասարկում է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտների, ինչն աննախադեպ է, քանի որ անցած ամիսներին հիվանդանոցների թիվը հասել էր 23-ի:

Հիշեցնենք՝ այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2476 նոր դեպք, մահացել է 33 քաղաքացի:

Տեսանյութեր

Լրահոս