«Հակառակորդի հիմնական թիրախը շարունակում է մնալ Շուշին. Բերձորի ուղղությամբ նրանց առաջխաղացման փորձերը չեն ստացվել». Դավիթ Բաբայան
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց, որ Արցախում ծանր մարտերը շարունակվում են, հակառակորդը թիկունքը ճեղքելու տարբեր փորձեր է ձեռնարկում, որոնք ձախողվում են։
«Հակառակորդի հիմնական թիրախն այս պահի դրությամբ շարունակում է մնալ Շուշին, թեպետ նաև Բերձորի ուղղությամբ են փորձել առաջխաղացում իրականացնել՝ կրկին չի ստացվել։ Շուշիի ուղղությամբ թշնամին մեծ կորուստներ է կրել, երեկ երեկոյան և այսօր վաղ առավոտյան համառ մարտեր են ընթացել Շուշիի մերձակայքում։ Մեր Պաշտպանության բանակը աշխարհազորի հետ միասին թշնամու գրոհը կասեցրել է և հասցրել շատ մեծ կորուստներ՝ զինտեխնիկայի և կենդանի ուժի՝ հրետանին շատ լավ աշխատել է։ Շուշին կա և միշտ էլ պետք է լինի մերը՝ հայկական»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Նրա խոսքով՝ այս պահին Ստեփանակերտում համեմատաբար հանգիստ է, ճիշտ է, մի քանի հրթիռ թշնամին արձակել է, բայց ընդհանուր առմամբ իրավիճակը հանգիստ է։
«Պետք է սպասենք և տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենալու։ Շուշի մերձակայքում այս պահին մարտերը շարունակովում են, անօդաչու թռչող սաքեր են փորձում ներթափանցել, բայց կասեցվում է»,- ընդգծեց Դավիթ Բաբայանը։