Ադրբեջանի դեմ 22 դիմում է ներկայացվել ՄԻԵԴ

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սկսված ռազմական գործողությունների հետևանքով,  ըստ ստացված վերջին տվյալների, Ադրբեջանի իշխանությունների մոտ հայտնվել է 21 ռազմագերի։ Այս տեղեկությունը հայտնել էր ՀՀ Քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։

Այս ժամանակահատվածում Ադրբեջանի իշխանությունների մոտ  հայտնված հայ ռազմագերիների կյանքի ու առողջության պահպանման համար ՄԻԵԴ դիմումներ են ներկայացրել   ՀՀ-ում գործող փաստաբանների խումբը՝ Սիրանուշ Սահակյանը, Արտակ Զեյնալյանը և ՀՀ կառավարությունը:

«Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների հարցերով զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ վերջին տվյալների համաձայն՝ փաստաբանները 13 դիմում են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝  խնդրելով ապահովել ռազմագերիների կյանքի, բժշկական օգնություն ստանալու հնարավորությունն ու իրավունքը,  որպեսզի նրանք գերեվարության ընթացքում չենթարկվեն անմարդկային վերաբերմունքի:

«Այս պահին մենք ունենք 13 ռազմագերիների վերաբերյալ գործեր և ռազմագերիների շահերը ներկայացնում ենք ես և պարոն Արտակ Զեյնալյանը: Այս պահին երկուսով ենք այդ գործերի վրա աշխատում: Չենք բացառում, որ նաև հետագայում թիմի համալրում լինի: Մեզ որոշակի աջակցություն ցուցաբերում են նաև ուսանողներ: Իհարկե, այս պահին ռազմագերիների գործերն ունեն հրատապություն, և չենք կարողանում մեծապես կենտրոնանալ նաև հիմնական գանգատների վրա, բայց ունենք նաև ընթացող գործեր, որտեղ արդեն իսկ կան ավարտված մարդու իրավունքների խախտումներ, հանցագործություններ, և այս հարցերը մենք ևս հետևողական ներկայացնելու ենք Եվրոպական դատարանին»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:

Կառավարությունից  ստացված վերջին տեղեկության համաձայն՝ ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը 9 ռազմագերու համար միջանկյալ միջոց կիրառելու խնդրանքով  դիմել է Եվրոպական դատարանին: Պահանջը՝ Ադրբեջանի իշխանության ներքո գտնվող անձանց անվտանգության ապահովումն է, նրանց գտնվելու վայրի մասին տեղեկության տրամադրումը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների խախտումները՝ վատ վերաբերմունքը, խոշտանգումը արգելելուն ուղղված միջոցներ ձեռնարկելն է:

Տեսանյութեր

Լրահոս