«Եթե Բայդենն ընտրվի, թող չկարծեն, թե Թուրքիայի հետ խնդիրներն ավելի կվատանան». թուրք վերլուծաբան
Թուրքական «HaberTürk» լրատվամիջոցի վերլուծաբան Մուհարրեմ Սարըքայան իր սյունակում հոդված է հրապարակել՝ փորձելով վերլուծել, թե ինչպես կդասավորվեն թուրք-ամերիկյան հարաբերությունները, եթե ԱՄՆ նախագահական ընտրություններում ընտրվի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայում որոշ շրջանակներ կարծում են, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Բայդենի հնարավոր հաղթանակի դեպքում թուրք-ամերիկյան հարաբերություններում խնդիրները կավելանան։
Այդ տրամադրությունները պատճառաբանվում են նրանով, որ երբ Թրամփը եկավ իշխանության, աշխատանքից հեռացրեց պետքարտուղարության և հետախուզության ստորաբաժանումների մի շարք աշխատակիցների։ Սարըքայայի հաղորդմամբ՝ նրանց ճնշող մեծամասնությունը, որոնք Թուրքիայի հետ խնդիրներ ունեին, սկսեց աշխատել Բայդենի հետ։
Նշվում է, որ այդ անձինք նախընտրական քարոզարշավի ժամանակ կարևոր գործառույթներ ստանձնեցին և կազմեցին Բայդենի՝ Թուրքիայի դեմ բացասական ելույթների առանցքը։
«Եթե Բայդենն ընտրվի, թող չկարծեն, թե Թուրքիայի հետ խնդիրները շատ ավելի կվատանան»,-գրել է Սարըքայան և համոզմունք հայտնել, որ Բայդենը տասնամյակներ շարունակ ճանաչում է Թուրքիային և գիտակցում, թե երկու երկրների հարաբերություններն ինչպիսի ուղով են ընթանում։