«Եթե խնայում ես դիվանագիտության վրա, ուրեմն՝ ավելի շատ պետք է ծախսես զենքի վրա․ մենք խնայե՞լ ենք․ Պատգամավորը՝ Զոհրաբ Մնացականյանին

Հայտնի  բան է՝ եթե խնայում ես դիվանագիտության վրա, նշանակում է՝ ավելի շատ պետք է պատրաստ լինես ծախսել զենքի վրա, հետևաբար՝ հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանը խնայե՞լ է դիվանագիտության վրա և եթե ավելի շատ ծախսած լիներ դիվանագիտւթյան վրա արդյո՞ք այսօր ավելի շատ դաշնակիցներ չէր ունենա, որոնք պատրաստ կլինեին մեզ համար արյուն թափել։ Ազգային ժողովում, դիմելով Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։

Հարցին ի պատասխան նախարար Մնացականյանը նշեց, որ չի ցանկանում թերագնահատել Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքերը դիվանագիտության մեջ, սակայն դրանք չի էլ կարող գերագնահատել, բայց հստակ է, որ արտգործնախարարության համար ուղղակի գումարը բավարար չէ, եթե չկա հստակ ծրագիր։

«Ուղղակի ասել, թե մեզ այսքան գումար է անհրաժեշտ, դա բավարար չէ, եթե համակարգը համապատասխան բարեփոխումների չի ենթարկվում, գումարները որևէ որակական փոփոխություն կարող են տալ։ Այո ՝ ԱԳՆ-ի բյուջետային սնումը եղել է խնայողական՝ ընգծված խնայողական՝ մեզ պես այլ երկրների հետ համեմատած, սակայն վարչապետի շատ հստակ մոտեցումների շնորհիվ մեզ հնարավորություն է տրվել ոչ թե ուղղակի խոսել ֆինանսներից, այլ խոսել նպատակային  ֆինանսներից, որոնք իմաստ ունեն միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրավորմամ համար։ Եվ այս տրամաբանության մեջ է, որ մենք 2019 թվականին չենք եկել և ասել, որ գումարները պակասում են, պետք է ավելացնել»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը՝ նշելով, որ չի կիսում նաև պատգամավորի դիտակումը, թե մենք ունենք բարեկամների պակաս։

«Հայաստանը աշխարհում բարեկամների պակաս չունի»,- ընդգծեց Մնացականյանը։

Տեսանյութեր

Լրահոս