«Գյումրեցի նկարիչները՝ Արցախի և հայ զինվորի համար». 1000 նկար` ռազմաճակատին
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղն ընտրել է բանակին օգնելու սեփական տարբերակը: Նախաձեռնությունը մեկ նպատակի շուրջ միավորել է սկսնակ ու արհեստավարժ նկարիչներին:
«Գյումրեցի նկարիչները՝ Արցախի և հայ զինվորի համար» ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը փոխանցվում է «Հայաստան» hամահայկական հիմնադրամին։
«Գաղափարը մեկն է՝ արվեստի մարդկանցով մեկ ուժ դառնալ ու ծանր օրերին մեր բանակի ու պետության կողքին լինել: Արվեստի լեզուն հզոր զենք է, և այդ զենքն այսօր մենք «մարտական վիճակի» ենք բերել: Ստեղծված բոհեմի շուրջ համախմբվել են սկսնակ նկարիչներն ու պրոֆեսիոնալները՝ բոլորը մեկ շարքում ու հավասար արժեքով»,- պատմում է նախաձեռնության հեղինակ գծանկարիչ Աշոտ Հակոբյանը:
Նախաձեռնության հեղինակներին հաջողվել է վաճառել արդեն ավելի քան 120 գործ: Ամեն երեքշաբթի նվիրատվության արկղում հավաքված գումարը արվեստագետները փոխանցում են «Հայաստան» hամահայկական հիմնադրամին։ Ակցիան շարունակական է: Որպես նախնական նշագիծ արվեստագտները նշում են 1000 գործի ստեղծում ու վաճառք:
«Յուրաքանչյուր գործ վաճառվում է խորհրդանշական՝ 5 հազար դրամով, բայց լինում են դեպքեր, երբ գնորդը սեփական ցանկությամբ 10-50 հազար դրամ է վճարում նկարի համար: Վաճառքն իրականացվում է նաև առցանց եղանակով: Նկարների թեմատիկան տարբեր է, միայն պայմանը չափն է ՝ 13/13»,- հավելեց գեղանկարիչ զարդագործ Արտյոմ Սարգսյանը: