Վիգեն Թոփուզյանը քաղաքացիներին հորդորում է զգույշ լինել,  քանի որ ֆոսֆորը թունավոր նյութ է, այն այրելով՝ առաջ է գնում

Հոկտեմբերի 30-ի գիշերն ադրբեջանական ուժերն Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառել են Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ:

Նոյեմբերի 1-ին ևս թշնամին շարունակել է կիրառել սպիտակ ֆոսֆոր, որի հետևանքներն ուսումնասիրվում են։

ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ղեկավար Վիգեն Թոփուզյանը քաղաքացիներին հորդորում է զգույշ լինել,  քանի որ ֆոսֆորը թունավոր նյութ է, այն այրելով՝ առաջ է գնում։ Կրակը ոչ միայն ռազմական վնաս է հասցնում, այլև ստիպում է ուժերը շեղել այն մարելու ուղղությամբ, բարդացնում է տրանսպորտի շարժը, թունավոր գազեր է արձակում, որոնք դժվարացնում են շնչառությունը։

«Կարելի է ասել՝ խոսքը քիմիական զենքի մասին է, ինչն օգտագործելն արգելված է։

Սպիտակ ֆոսֆորը ներծծվում է արյան մեջ, որից հետո այն ազդում է երիկամների, լյարդի, շնչուղիների վրա: Ֆոսֆորը, բացի այրելուց, կարող է ներծծվել նաև մաշկի մեջ` հանգեցնելով մահվան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Թոփուզյանը։

Արգելված զինտեխնիկայի կիրառման վերաբերյալ միջազգային հանրությունը դեռևս լռություն է պահպանում, ինչ վերաբերում է գիտության ոլորտի ներկայացուցիչների արձագանքին՝ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ղեկավարը նկատեց․

«Բոլորս փորձում ենք ինչ-որ մի կերպ օգտակար լինել մեր երկրին։ Կապեր ենք հաստատում մեր արտասահմանյան գործընկերների հետ։ Բոլորիս հոգսն այս արհավիրքն անցնելն ու հաղթանակով դուրս գալն է։ Արտերկրի մեր գործընկերները, իմանալով եղելության մասին, ցավոք, սահմանափակվում են միայն ցավակցությամբ։ Մի քանի հոգի զանգել են, թե մտահոգ են։ Ընդամենը մտահոգ են, ի՞նչ կարող են անել։ Գիտեք, դրսի վրա հույս դնելով՝ հարցը չի լուծվելու, մեր գործը մեր ձեռքով պետք է անենք։ Ամեն մեկը որ մի փոքր քայլ անի՝ հարցը կլուծվի»։

Տեսանյութեր

Լրահոս