Ինչու Հայկ Մարությանը չի մասնակցում այն նիստին, որը քննարկում է Երևանի քաղաքապետարանին առնչվող հարցերը ռազմական դրության ժամանակ

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։

Հիշեցնենք, որ նախագծերի առաջին ընդունումը տեղի է ունեցել երեկ, և այս փոփոխություններով Երևանի քաղաքապետը 3-ի փոխարեն՝ 4 տեղակալ կունենա, որը կղեկավարի աշխարհազորային բրիգադը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան»խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խորհրդարանում ընթացող ԱԺ տնտեսական և ֆինանսավարկային հարցերի հանձնաժողովների նիստին մասնակցող փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանից հետաքրքրվեց՝ ինչով է պայմանավորված, որ այս նիստին չի մասնակցում Երևանի քաղաքապետը։

«Ես բոլորովին չեմ հասկանում՝ այսքան խնդիր կա Երևան քաղաքում՝ կապված ապաստարանների, ապօրինի շինթույլտվությունների հետ։ Մենք հիմա չպետք է այդ հարցը քննարկենք գլխավոր պատասխանատուի հետ, այլ գլխավոր պատասխանատուն զբաղված է մի գործով, որն իր գործը չէ իրականում»,- ասաց պատգամավորը։

Հարցին ի պատասխան՝ քաղաքապետի տեղակալ Սերգեյ Ներսիսյանը պատասխանեց․

«Երևանի քաղաքապետը զբաղվում է Երևան ջոկատի կազմավորման հարցերով, և նա ներկայումս գտնվում է զորամասում, վերապատրաստման փուլում են, պետք է մեկնեն սահման, նա ֆիզիկապես այստեղ չի կարող գալ»,- ասաց քաղաքապետի տեղակալը։

Տեսանյութեր

Լրահոս