Բաժիններ՝

«Մեյմանդարի» բնամթերքի շուկայում պարետի ցուցումները չկատարելու մասին ՍԱՏՄ-ում տեղյակ են. Արմավիրի մասնաճյուղը կզբաղվի

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողությունը սահմանային անցակետերում լուրջ փոփոխության չի ենթարկվել. պնդում է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

«Սահմանային վերահսկողության մեջ փոխվել է միայն մեր աշխատակիցների արտաքին տեսքը: Միշտ իրականացնում ենք խիստ վերահսկողություն: Արտաքին տեսքի մասին էլ ասեմ, որ մեր տեսուչներն այժմ դիմակներով և ակնոցներով են նստած՝ անձնական անվտանգության համար»,- ասաց ՍԱՏՄ ղեկավարը:

Լրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ հատուկ միջոցառումներ են այս օրերին իրականացվում, օրինակ, սպանդանոցներում, Ավետիսյանը պատասխանեց.

«Հատուկ միջոցառումները, որն իրականացնում ենք, այն է՝ ամենօրյա ռեժիմով ֆոտո և տեսանկարահանումների տեսքով հաշվետվություններ են ներկայացնում մեզ: Հորդորել ենք ավելի հաճախ ախտահանումներ իրականացնել: Աշխատակիցներին էլ գործատուն պարտավոր է 6 ամիսը մեկ բուժզննման ուղարկել: Պարետի ցուցումները խախտելու դեպքում պատժամիջոցներ սահմանված են, շուտով կիմանաք այդ մասին»:

Այսօր փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում «Մեյմանդարի» հայտնի բնամթերքի մեծածախ շուկայից նկար էր հրապարակել, որտեղ պահպանված չեն պարետի ցուցումները: Գեորգի Ավետիսյանն ասաց, որ նկարները տեսել են, խնդրին տեղյակ են.

«Հանձնարարել եմ Արմավիրի մարզային կառույցին, որ զբաղվեն այդ խնդրով, շրջայց իրականացնեն և պարտադրեն կրել ձեռնոցներ, դիմակներ, ախտահանիչ նյութեր օգտագործեն: Շուկաները պետք է աշխատեն, դա պարետատան որոշումն է»:

ՍԱՏՄ ղեկավարի խոսքով՝ վերահսկողություն կա նաև առաքում իրականացնող սննդամթերքի կետերի նկատմամբ: Ինչ վերաբերում է ախտահանման միջոցներին, Գեորգի Ավետիսյանը վստահեցնում է, դրանց պատճառով ոչ սննդամթերքի համը, ոչ հոտը չեն փոխվի.

«Ախտահանիչ նյութերը, որոնք օգտագործում են մակերեսների ախտահանման համար, հիմնականում 70 տոկոս սպիրտ պարունակող նյութեր են: Քլոր պարունակողները միայն հատակն ախտահանելիս ենք թույլ տալիս օգտագործել: Ոչ հոտի, ոչ այլ առումով ազդեցություն ունենալ չեն կարող»:

Գեորգի Ավետիսյանը չի բացառում, որ սննդի որոշ տեսակների արտահանումը կարող է սահմանափակվել, սակայն պնդում է, որ դա իր որոշելու հարցը չէ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս