Գյումրիում ծեծված երեխային տեսակցության ոչ ոք չի եկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տնօրեն
Երեկ Գյումրիում ծեծված 13-ամյա անչափահաս աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, ծայրահեղ ծանր վիճակում: ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ երեխային ռեանիմոբիլով անգիտակից վիճակում, արհեստական շնչառության ապարատներով Գյումրիից տեղափոխել են Երևան:
«13 տարեկան աղջիկը մեզ մոտ է տեղափոխվել պոլիտրավմայով: Գյումրիում կատարվել են բուժման և հետազոտման անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Վիճակի կայունացումից հետո միայն երեխան մեր բրիգադի ուղեկցությամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Վերակենդանացման բաժանմունք: Երեխան ունի ծանր զուգակցված բազմակի տրավմա, գլխուղեղի տրավմա, սալջարդ, ուղեղի այտուց, սուբարախնոիդալ արյունազեղում, քթի ոսկորների բազմակի կոտրվածք, ծնոտի կոտրվածք, անրակի կոտրվածք, կողի կոտրվածք, որովայնի սալջարդ, կրծքավանդակում արյան կուտակում: Երեխան շարունակում է մնալ ինտուբացված, կայուն վիճակում, հեմոգլոբինի և մնացած պարամետրերի առումով ստաբիլ է: Հիմա արվում է կոմպլեքս բուժում: Հիմնականում բութ վնասվածքներ են»,- ասաց ԲԿ տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
Լրագրողների հարցին, թե հարազատները եկել, տեսել են երեխային, Դալլաքյանը պատասխանեց, որ դեռ ոչ ոք իրենց չի դիմել, երեխայի մոտ չեն եկել: Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժնի վարիչ Աննա Չոբանյանը հրաժարվեց խոսել հնարավոր հետևանքների մասին.
«Պրոգնոզների մասին առայժմ շուտ է խոսել, մեկ օրը դեռ չի լրացել: Մենք բարդացում չունենք, բայց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Կա որովայնի սալջարդ, փքվածություն, լարվածություն, որը հարվածների հետ է կապված, և գլխուղեղի սալջարդը, որը կյանքի համար վտանգ է ներկայացնում: Երեխան ճանապարհին ցածր ճնշման միտում է ունեցել, որը շտկվել է»,- ասաց Չոբանյանը:
Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ Գյումրիում 28-ամյա տղամարդը ծեծել է 43-ամյա կնոջը և նրա 13 տարեկան դստերը: Կինը մահացել է, երեխան ծայրահեղ ծանր վիճակում է: Տղամարդը բերման է ենթարկվել: Ըստ ոստիկանության՝ դեպքը կատարվել է կենցաղային վեճի և խանդի հողի վրա։ Դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով՝ անզգուշությամբ տուժողի մահն առաջացնելու համար: