«Եթե ԱԱԾ պետի ժ/պ-ն համարում է, որ իրենց կառույցում կան դավաճաններ, ուրեմն ԱԱԾ-ն պետք է անհապաղ լուծարել». Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին անհանգստացնում է ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի՝ երեկ ԱԺ-ում արած այն հայտարարությունը, թե «ԱԱԾ-ն մաքրվելու է այն անձանցից, որոնք դավաճան են, հայրենասեր չեն և արատավորում են սպայի պատիվը»: Հիշեցնենք, որ Մարտիրոսյանն այս հայտարարությունն արել էր՝ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հիշեցման, թե վարչապետ Փաշինյանը Կառավարության նիստում ասել էր, որ իրավապահ համակարգում եղել են դավաճաններ, որոնք խոչընդոտել են կոռուպցիայի դեմ պայքարին:

«Ի՞նչ է նշանակում՝ մենք կմաքրվենք դավաճաններից: Ուսադիր կրող մարդկանց համար դա ոչ պատվաբեր բան է, եթե ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը նման բան է ասել և համարում է, որ իրենք իրենց ներսում ունեն դավաճաններ, ուրեմն ԱԱԾ-ն պետք է անհապաղ լուծարել: Դավաճանների լինելն այդ կառույցում պետք է բացառել»,- ասաց Սամսոնյանը:

Լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են ԱԱԾ-ում անվերապահ արձագանքում վարչապետ Փաշինյանի հանձնարարականներին՝ նախ այն մասին, որ պետք է գտնել որոշ շրջանակների և  սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները, ապա նաև՝ իրենց շարքերի դավաճաններին:  Սամսոնյանը պատասխանեց, որ այլ կերպ չեն էլ կարող վարվել:

«Ուժային կառույցի տրամաբանությունն ու Նիկոլ Փաշինյանի անձն իրար հետ կապ չունեն:  Ի տարբերություն ԱԱԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարի՝ Արթուր Վանեցյանը հանրային վստահություն ունեցող ԱԱԾ պետ էր, որն ունի քաղաքական հեռանկար: ԱԱԾ պետի ժ/պ-ն չի կարող ոչինչ անել հակառակը: Օրինակ, ինչո՞ւ վարչապետը մինչև հիմա ԱԱԾ պետ ու Ոստիկանապետ չի նշանակում, այս մարդիկ կախված են իրենից, անհասկանալի իրավիճակում են գտնվում: Մի մարդ, որն իրեն Քրիստոսի հետ է համեմատում, այդ մարդու ասածին, եթե ասես՝ այդպես չէ, կհայտնվես մի վայրում, որտեղ շատ-շատերը: Նիկոլ Փաշինյանն ունի անզիջում «ես»-ի մասին պատկերացումներ, երբ ասում է՝ ԱԱԾ-ում կան դավաճաններ, ուրեմն կան դավաճաններ, եթե ասում է՝ «գտեք սատանաներ», ուրեմն պետք է գտնեն սատանաներ: Կազմակերպվում է «վհուկների որս» թիմի ներսում՝ բավարարելու համար ղեկավարի կարծիքը»,- ասաց Սամսոնյանը:

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավարը, անդրադառնալով  Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ իր կադրային քաղաքականության մասին արված հայտարարությանը, թե «անգամ Հիսուսն ի վիճակի չի եղել անդավաճան կադրային քաղաքականություն վարել», ասաց.

«Սա հոգեբանական բարդույթների արտահայտում է: Ասում է ՝ ես Հիսուսից լավը չեմ կարող լինել, բայց մինչև Հիսուս ձգում եմ: Միգուցե գա նաև մի ժամանակ, որ ինքը մտածի, թե ավելին էլ կարող է լինել»:

Տեսանյութեր

Լրահոս