«Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը». Խոսրով Հարությունյան
Խոսրով Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը:
Հետպատերազմական Եվրոպայի քաղաքական միտքը գլխավորապես կենտրոնացած էր հանրային կյանքի կազմակերպման առանցքային մի խնդրի վրա՝ ինչպիսի՞ն պետք է լինեն ժողովրդավարական համակարգերը հետպատերազմյան Եվրոպայում: Որքանո՞վ կամ ի՞նչ աստիճանի իշխանությունների ձևավորման համակարգերն ու կատուցակարգերը պետք է համապատասխանեն ներկայացուցչական ժողովրդավարության պահանջներին: Արդյո՞ք անհրաժեշտ է որոշակի ինստիտուցիոնալ սահմանափակումների ենթարկել ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ վերջինիս դասական ընկալմամբ:
Ինչո՞ւ էր եվրապական քաղաքական միտքը կանգնել նշված քաղաքագիտական փնտրտուկի առջև:
Բանն այն է, որ թե՛ գերմանական նացիոնալ-սոցիալիզմը և թե՛ իտալական ֆաշիզմը իշխանության եկավ օգտվելով ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուցիոնալ հնարավորություններից: Թե՛ մեկ և թե՛ մյուս քաղաքական ուժը իշխանության էր եկել միանգամայն լեգիտիմ և ներկայացուցչական ժողովրդավարությունը մարմնավորող խորհրդարանների անվերապահ աջակցությամբ: Դա էր այն քաղաքական հենքը, որով թե Հիտլերը և թե Մուսսոլինին հռաչակեցին իրենց ժողովրդին ներկայացնող միակ և բացառապես միակ գործիչներ՝ ժողովրդի անունից և հանուն ժողովրդի իրագործելով իրենց մարդատյաց ծրագրերը:
Եվ քանի որ ժողովրդական զանգվածների անպատասխանատու և ցածր իրավագիտակցությամբ պայմանավորված այդ վուլգար ներկայացուցչական ժողովրդավարությունը շատ թանկ նստեց եվրոպացիների վրա՝ պատճառ դառնալով ավերվածությունների և միլիոնավոր զոհերի, ուստի հետպատերազմյան Եվրոպան կանգնած էր ներկայացուցչական ժողովրդավարության ինստիոտւտները ռացիոնալ սահմանափակումների ենթարկելու քաղաքական հրամայականի առջև:
Այսինքն եվրոպացցիները դասեր քաղեցին իրենց ցավալի պատմական ոչ վաղ անցյալից հստակ գիտակցելով, որ վուլգար ներկայացուցչական ժողովրդավարությունը՝ զանգվածների ցածր իրավագիտակցության պայմաններում, չարիքի սկզբնաղբյուր է:
Այդ սահմանափակումները իրենց արտահայտությունը գտան իշխանությունների տարանջատման և հակակշռման սկզբունքի սահմանադրական կարգավորումներում, ինչպես նաև, ինչը պակաս կարևոր չէ, չընտրված ինստիտուտների (շատ երկրներում օրինակ դատարանները) և ընտրողներին ոչ հաշվետու այնպիսի ինստիտուտների ուժեղացման իրավական կառուցակարգերում, ինչպիսիք Սահմանադրական դատարաններն են:
Ահա թե ինչու, ի տարբերություն գործադիր և օրենսդիր իշխանությունների, որոնց լեգիտիմությունը պայմանավորված է հանրության հիմնական հատվածի պահանջներն ու սպասելիքները բավարարելու կարողությամբ, դատական իշխանության և սահմանադրական արդարադատությունը երաշխավորող ինստիոտւտի՝ Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը չի կարող պայմանավորվել այդ ինստիտուտների կողմից հանրության պահանջների կատարմամբ: Ուստի դատական համակարգի, ներառյալ Սահմանադրական դատարանը, լեգիտիմության միակ պայմանը, ինչը և պետք է պահանջի նրանցից ժողովուրդը, դա բացառապես Սահմանադրությանը և օրենքի տառին ու ոգուն հավատարիմ մնալն է:
Հենց այս իրավաքաղաքական հիմքով է պատճառաբանվում դատական իշխանության իրավասությունների տիրույթ ցանկացած հիմնավորմամբ իշխանության որևէ թևի կամ մարմնի միջամտության անթույլատրելիությունը:
Տեղյա՞կ են արդյոք մեր օրենսդիրները իշխանությունների թևերի փոխհարաբերությունների ձևավորման ոլորտում եվրոպական ժողովրդավարության պատմական այս առանձնահատկություններին, համոզված չեմ:
Համոզված չեմ նաև, որ նրանք գիտակցում են թե ինչպիսի կործանարար և անվերականգնելի հետևանքներով հղի հարված են հասցնում իրավական պետության կայացման պատմական գործընթացին՝ նախաձեռնելով Սահմանադրական դատարանի հանդեպ քաղաքական արշավը:
Սա ‹‹ես եմ ժողովուրդը և միայն ես եմ ներկայացնում ժողովրդի իշխանությունը›› քվազիժողովրդավարական թեզի ուղղակի հետևանքն է և նպաստում է իշխանական համակարգերում անպատժելիության սինդրոմի հաստատմանը:
Եվ ցավն այն է, որ ժողովրդի (թեկուզ և փոքրացման միտում ունեցող) մի հատված կուրորեն հավատացած է մեր հեղափոխական իշխանությունների այս գործողությունների արդարացիության մեջ:
Ի դեպ, մենք դեռևս ամբողջ խորությամբ չենք գիտակցում թե ինչպիսի վնաս հասցրեց դատավոր Աննա Դանիբեկյանը սահմանադրականությանը՝ անտեսելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշումը:
Ե՞րբ պետք է մենք գիտակցենք, որ բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը»:
Բարի ցանկություններով սալապատված է դժոխքի ճանապարհը:Հետպատերազմական Եվրոպայի քաղաքական միտքը գլխավորապես կենտրոնացած…
Gepostet von Khosrov Harutyunyan am Donnerstag, 19. September 2019