«Ցանկություն չունեմ մագիստրատուրայում ուսումս շարունակել Վաչե Հովեյանի մասնագիտական դասարանում». Վաչե Հովեյանի միակ ուսանող
168.am-ն արդեն տեղեկացրել է, որ ալտահար, արվեստագիտության թեկնածու Վաչե Հովեյանը ազատվել է աշխատանքից և այլևս չի դասավանդելու Երևանի պետական կոնսերվատորիայում: Հովեյանը դրանում քաղաքական ենթատեքստ է տեսնում: «Քանի որ ես ակտիվորեն աջակցում եմ Ռոբերտ Քոչարյանին, և ընդհանրապես չեմ աջակցում քայլ արածներին ու իրենց արբանյակներին, այդպես էլ պետք է լիներ»,- մեզ հետ զրույցում ասել էր նա:
Նա նաև մեղադրել է էր կոնսերվատորիայի ներկայիս ռեկտոր Սոնա Հովհաննիսյանին՝ նշելով, որ Հովհաննիսյանը 85 աբիտուրենտի չի ընդունել, որպեսզի «օրինական» ձևով իրեն հեռացնեն աշխատանքից: Սոնա Հովհաննիսյանն էլ պատասխանել էր, թե Հովեյանն այդքան կարևոր ֆիգուր չէ, որպեսզի նրան աշխատանքից ազատելու համար 85 հոգի չընդունեն բուհ: «Ավելին, եթե ես նման դիտավորություն ունենայի, ինչո՞ւ պետք է միջնորդություն գրեի և իր ուսանողի համար հատուկ անվճար տեղ խնդրեի՝ մագիստրատուրայի համար»,-ասել էր Հովհաննիսյանը:
168.am-ի հետ զրույցում Վաչե Հովեյանի միակ ուսանողը՝ Հայկ Մակիյանը ասաց, որ մագիստրատուրայում չի ցանկանում լինել Հովեյանի ուսանողը: Հայկ Մակիյանը 2018-19թթ. սովորել է Վաչե Հովեյանի մասնագիտական դասարանում, ինչպես ինքն է նշում՝ հաշվի առնելով պարոն Հովեյանի անվիճարկելի մասնագիտական բարձր մակարդակն ու հեղինակությունը տեղափոխվել էի իր դասարան՝ ավելի որակյալ կրթություն ստանալու. «Սակայն, պարոն Հովեյանի արտադասարանային զբաղվածությունը և դրանով պայմանավորված՝ դասապրոցեսին իր վերաբերմունքը, անհամատեղելի են իմ՝ որպես ուսանողի, որակյալ կրթություն ստանալու հիմնարար իրավունքի իրացման հետ։
Դրա համար այս տարվանից, այսինքն՝ մագիստրատուրայում, ես ցանկություն չունեմ ուսումս շարունակել իր մասնագիտական դասարանում:
Անկախ Վաչե Հովեյան-ռեկտոր Սոնա Հովհանիսյան արդեն հանրային դիսկուրսից, փաստարկային փոխհրաձգություններից, կարևոր համարեցի հնչեցնել ուսանողի՝ բուհի գլխավոր շահառուի հարցին անմիջական վերաբերող տեսակետը։ Բակալավրիատում ուսանելու տարիներին թե՛ որպես ուսանող, թե՛ որպես «Ad libitum» ազատ արվեստակիրների ուսանողական, ստեղծագործական նախաձեռնության անդամ, եղել եմ և կամ կրողը և տարածողը այն գաղափարի, որ բուհերում, մասնավորապ՝ արվեստի, որպես ապագայի հասարակություն կերտող կենտրոններում, չափազանց կարևոր է իրավագիտակից, ազատ կամարտահայտվող, քննական վերլուծական մտածողությամբ ուսանողների ձևավորումը, և որ չբարձաձայնելով խնդիրները՝ մենք զրկում ենք մեզ այն լուծելու հնարավորություններից»:
Հայկ Մակիյանը 2018 թվականից նաև կոնսերվատորիայի հոգաբարձուների խորհրդի անդամ է: