«Ասում են՝ Հայաստանում բան է փոխվել։ Ոչինչ էլ չի փոխվել, ավելի վատ է. Օլիգարխները ոնց գործել են, այնպես էլ շարունակում են գործել»

Հայաստանում շահագործվում է շուրջ 1300 հա ջերմատուն, որից նորագույն տեխնոլոգիաներով մշակվող ջերմատների մակերեսը կազմում է շուրջ 177.0 հա: Ջերմատների ընդհանուր քանակության շուրջ 90%-ը գտնվում է Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում: Ներկայումս կառուցման գործընթացում են գտնվում 26.0 հա ընդհանուր տարածքով ջերմատներ:

Տեղական փորձը ցույց է տալիս, որ սովորական տեխնոլոգիաների կիրառմամբ ջերմոցներում 1 քառակուսի մետրի բերքատվությունը տատանվում է 8-20 կիլոգրամի սահմաններում՝ կախված մշակաբույսից, իսկ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, մշակաբույսերի բերքատվությունը հասնում է 40-60 կիլոգրամի։

Ջերմատնային տնտեսությունների զարգացման խթանման նպատակով կառավարությունը մտադիր է Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագրով առաջիկա 3 տարիներին 3,375.00 մլրդ դրամ հատկացնել՝ նոր ջերմատների կառուցման փոխհատուցման համար։

Ծրագրի իրականացման երեք տարիների ընթացքում նախատեսվում է արդիական չափորոշիչներով ջերմատնային տնտեսությունների կառուցում՝ շուրջ 25 հա ընդհանուր մակերեսով, բերքատվության բարձրացում և ջերմատնային արտադրանքի ծավալների ավելացում՝ տարեկան շուրջ 2930 տոննայով, և այլն։

Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման։

«Ֆերմերային Շարժում» հ/կ նախագահ Սարգիս Սեդրակյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ գյուղացիների մեծ մասն իրենց ուժերով են ջերմոցներ կառուցում, իսկ ջերմատները հիմնականում օլիգարխների ձեռքերում են.

«Այդ մեծ տիպային ջերմատներից ոչ մեկը գյուղացու ձեռքին չի։ Դրսից բերեցին գրանտներ, տարբեր ծրագրերով միջոցներ, ու տարբեր տրամաչափի օլիգարխներ արագ տեր կանգնեցին դրան»։

Ըստ նրա՝ գյուղացիներով զբաղվող չկա, և իրադրությունն ինչպես նախկինում էր, այնպես էլ մնացել է.

«Գյուղնախարարությունն այսքան ժամանակ ծառայում էր օլիգարխներին, փոխանակ շրջվեր դեմքով դեպի գյուղացին, վերացրեցին։ Շատ տխուր վիճակ է։ ՀՀ-ն տարիներ շարունակ եղել ու մնում է ագրարային երկիր։ Չնայած ամպագոռգոռ հայտարարություններին, բարձր տեխնոլոգիաների զարգացմանը, բայց նախ ցածրը պետք է զարգացնեն, գյուղացիներին օգնեն։ Արտագաղթն ավելի է արագացել գյուղերից»։

Ս. Սեդրակյանն օրինակ նշեց, որ Արարատի մարզում հսկայական ջերմոցներ կան. «Ասում ես՝ էս հողն ումն է, էս ջերմոցն ումն է, «Կոշկավոր կատվի» մուլտֆիլմի նման բոլորն ասում են՝ «մարկիզ Կարաբասինը», այսինքն՝ Հովիկ Աբրահամյանինը։ Ասում են՝ Հայաստանում բան է փոխվել։ Ոչինչ էլ չի փոխվել, ավելի վատ է։ Օլիգարխները ոնց գործել են, այնպես էլ շարունակում են գործել»։

Տեսանյութեր

Լրահոս