«Ամուլսարը կորպորատիվի քեֆ չի, պարոն Սիմոնյան». Լրագրողը՝ Ալեն Սիմոնյանին
«Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, կանոնադրության փոփոխություն, աշխատանքներ, որոնք սկսվելու են սեպտեմբերի 9-ից, ընդհանուր քննարկումներ տարբեր հարցերի շուրջ»,- սա, ըստ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ եղել է «Իմ քայլը» խմբակցության նիստի օրակարգը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ամուլսարի հարցը քննարկվե՞լ է նիստի ժամանակ, ինչին ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց, որ այն օրակարգային չի եղել.
«Դա խմբակցության քննարկելիք հարց չէ, գտնվում է մասնագիտական ոլորտում: Մեր խմբակցության վարչապետն ու կառավարությունն այսօրվա գործող վարչապետն ու կառավարությունն են, և ես, ինչպես նաև՝ իմ գործընկերները, լիակատար աջակցություն ենք հայտնել մեր վարչապետին: Հարցը գտնվում է քննարկման փուլում, վարչապետն ուղարկել է նախարարություն, որպեսզի իր եզրակացությունը տա, որոշումը կլինի, մենք այն ժամանակ մեր կարծիքը կասենք: Այսօր ՀՀ կառավարությունն է որոշում, թե ինչ է լինելու: Արդեն ասվել է, որ, եթե լինի մի փոքր մտավախություն, որ, եթե դա կվնասի անգամ մի լիտր ջրի, այդտեղ քննարկելու հարց մենք չունենք»:
Հարցին՝ ինչպե՞ս կարձագանքի այն կարծիքներին, որ Պետեկամուտների կոմիտեի նախկին պետ Գագիկ Խաչատրյանի հետ կապված իրավապահները գործողություններ սկսեցին, որպեսզի շեղեն հանրության ուշադրությունն Ամուլսարի խնդրից, նա պատասխանեց.
«Ժպիտով: Որովհետև նախ և առաջ ինձ համար այսօր ավելի կարևոր է Գագիկ Խաչատրյանի քրեական գործը, քան Ամուլսարի հարցը: Դա ավելի կարևոր է, որովհետև այնտեղ խոսքը գնում է պետությանը վնաս պատճառելու մասին, իսկ այստեղ քննարկում է ընթանում՝ արդյո՞ք հնարավոր է, որ վնաս լինի, թե չլինի: Խնդրում եմ՝ դուրս գաք այդ տրամաբանությունից, որ ինչ-որ թեմաներ են գցում, որ շեղեն. մի՛ շեղվեք, եթե դա այդքան կարևոր է»:
Ինչ վերաբերում է Ամուլսարի հարցի շուրջ խմբակցությունում եղած այլակարծություններին, նա հետևյալն ասաց.
«Բոլոր հարցերում էլ նման քննարկումներ կան: ՀՀ քաղաքացին պետք է գոհ ու շնորհակալ և ուրախ լինի, որ այսօրվա ՀՀ իշխանությունը քննարկում է և ականջալուր է ամեն ինչին: Քննարկում ենք՝ ասում եք՝ պառակտում կա, չենք քննարկում՝ ասում եք՝ կնոպկա սեղմող են»:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ մանդատը վայր դնելու հարց առաջանա, նա այսպես պատասխանեց.
«Ինչո՞ւ պետք է հրաժարվեն: Երբ ձեր խմբագրությունում քննարկում եք՝ որտեղ անցկացնել ձեր ամանորյա կորպորատիվը, մեկը ասում է՝ մի տեղ, մյուսը՝ այլ, ինչ-որ մեկը հրաժարվում, խմբագրությունից դո՞ւրս է գալիս: Խոսում ենք, քննարկում ենք»:
Դիտարկմանը՝ սա այլ հարց է, նա արձագանքեց. «Ինչո՞վ է ուրիշ հարց»:
Ի պատասխան՝ լրագրողներից մեկն ասաց. «Ամուլսարը կորպորատիվի քեֆ չի, պարոն Սիմոնյան»:
«Ներողություն եմ խնդրում բերված օրինակից, դուք օրինակ բերեք: Յուրաքանչյուր քննարկում պետք է ավարտվի նրանով, որ մեկը մանդատը դնի ու գնա՞: Ոչ ոք մանդատը չի դնելու, խմբակցությունը կա և գործելու է»,- ասաց Սիմոնյանը: