«Մանդատը վայր դնելու մասին անգամ խոսք թող չլինի». Սոֆյա Հովսեփյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր խմբակցության նիստից հետո ասաց, որ Ամուլսարի հարցով կարծիքներ եղել են, զարգացումներ չկան. «Այսինքն՝ մնացել ենք նույն այն մոտեցմանը, որ պետք է այս պահին սպասենք կառավարության քայլերին, որն ուղարկվել է Շրջակա միջավայրի նախարարություն, և սպասենք պատասխանին: Այդ հարցն օրակարգային հարց չէր, էպիզոդային քննարկում է եղել»:
Նա նշեց, որ տարակարծություն չկա, այլ կա այլակարծություն՝ հարցի վերաբերյալ. «Մի մասը գտնում է, որ Ամուլսարը չպետք է բացվի, մի մասը գտնում է, որ պետք է բացվի: Եթե կարիքը լինի՝ ակտիվիստների և ոստիկանության միջև կանգնելու, առաջին կանգնողը ես կլինեմ: Իսկ մանդատը վայր դնելու մասին անգամ խոսք թող չլինի»:
Հարցին՝ իսկ այդ այլակարծությունները կարո՞ղ են մանդատից հրաժարվելու հարց առաջ բերել, նա պատասխանեց. «Նման քննարկում չի եղել: Այսինքն՝ ես եթե հիմա ասեմ, որ հնարավոր է, դա ենթադրություն է, իսկ ենթադրել չեմ ուզենա, որովհետև կանխակալ վերաբերմունք ունենալ մի բանի նկատմամբ, որը չի էլ քննարկվել, սխալ կլինի իմ կողմից»:
Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ Ամուլսարի հարցում իր դիրքորոշումն այն է, որ մի երևույթ, որը չի կարող կառավարելի լինել մարդու կողմից, ինքը չի համարում ոչ ռիսկային. «Եթե նույնիսկ 0.001 տոկոս ռիսկ կա, այստեղ իմ դիրքորոշումը հստակ է, որ, եթե կա ռիսկ մեր երկրում թեկուզ մեկ անձի թունավորման, ապա իմ դիրքորոշումը չի փոխվելու»:
Նա նկատեց՝ այնպես չէ, որ վարչապետ Փաշինյանը հստակ ասում է՝ այո, Ամուլսարը պետք է բացվի, ոչ մի ռիսկ չկա. «Նա ասում է՝ ռիսկերը կառավարելի են, իսկ ո՞ր ռիսկերը: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն ինքն էլ է ուզում ունենալ»:
Նա ընդգծեց՝ երբևէ որևէ մեկին մենակ չի թողել ու չի պատրաստվում. «Այն գաղափարներն ու արժեհամակարգը, որը կրել է իմ թիմը, և որի համար ես եկել եմ այստեղ, ես չեմ կարող որևէ մեկին թողնել մենակ: Թիմում պառակտումներ չկան»:
Հարցին՝ կարծիքներ կան, որ ձերբակալությունների նոր ալիք է սկսվել, որպեսզի Ամուլսարի հարցից ուշադրությունը շեղեն, նա ի՞նչ է կարծում, Հովսեփյանը պատասխանեց. «Սա ընթացիկ գործընթաց էր, որը խոստացվել էր վարչապետի կողմից: Երկրում մշտական կան սուր հարցեր, որովհետև կառավարման այն ընթացքը, որով գնում ենք, անընդհատ խնդիրների առաջ ենք կանգնում՝ նախորդ իշխանության թողած հետքերի հետ կապված: Եվ բնական է, որ անընդհատ, իրավիճակում, երբ գալիս է հերթական մի գործողություն, գնահատվում է՝ որպեսզի շեղեն, դրա համար է արվում: Իսկ կա՞ մի ժամանակահատված, երբ կառավարությունն ինչ-որ մի քայլ՝ ձերբակալություն, դատական պրոցես սկսեց, և նման սուր իրավիճակներ մենք չենք ունեցել: Մենք ամեն օր բացահայտում ենք մի նոր խնդիր: Ինչ անենք՝ ֆոնին պետք է դիտարկվի շեղման միջոց: Եկեք վստահ ասենք, որ պարոն Խաչատրյանին ձերբակալել են, և վստահ ասենք, որ Ամուլսարի հետ կապված ինչ դիրքորոշում ունենք: Եթե մենք չենք շեղվում, որևէ մեկը չի շեղում մեզ»: