«Ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս. մե՞ր ժամանակ, թե՞ ձեր ժամանակ այդ փաստաթղթերում սկսեցին նման ձևակերպումները շատանալ». Աշոտյանը՝ Փաշինյանին

«Այս 1.5 տարվա ընթացքում, Ձեր գլխավորությամբ, պարոն Փաշինյան, Հայաստանի արտաքին քաղաքականությունը մսխում է նախորդներից թողած կապիտալը, նախ և առաջ, Արցախյան կարգավորման հարցի հետ կապված»,- այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Արմեն Աշոտյանը:

«Իհարկե, պետք է թարմացնել կոնֆլիկտի ծագման մասին պատմական, իրավական տեղեկատվությունը, այո, սերունդներ են փոխվում, և արցախյան շարժման մասին պետք է պարբերաբար խոսել ոչ միայն դրսում, այլև ներսում: Բայց դրա փոխարեն, օրինակ՝ ձեր ԿԳ նախարարն ուզում է նորագույն պատմության մասը հանել պատմության դասագրքերից: Բա, եթե երկրի ներսում չեք կարողանալու մեր երեխաներին պատմել արցախյան հակամարտության ծագման, զարգացման, հերոսամարտերի մասին, դրսում դա ո՞նց եք անելու»,- ընդգծեց նա:

Արմեն Աշոտյանը նկատեց. «Ասում եք, որ այդ թարմացումը պետք է արվի արտաքին քաղաքական դաշտում, իհարկե պետք է արվի, դա մենք պարբերաբար անում էինք: Դա պետք է անի ձեր դեպուտատական 88 հոգանոց կորպուսը, բայց անկեղծ խոսենք՝ ձեր բերած պատգամավորներն իրենց ճնշող մեծամասնության մեջ ի վիճակի չեն ոչ միայն Արցախը պաշտպանել դրսում, այլ անգամ Ձեզ պաշտպանել Ամուլսարի հարցում, պարոն Փաշինյան: Եթե նրանք ձեզ չեն կարողանում պաշտպանել, իրենց քաղաքական կնքահորը, բա Արցախի հարցից ի՞նչ պետք է խոսեն դրսում»:

Աշոտյանը հորդորեց ՀՀ ԱԳՆ-ին՝ կապվել ԱԺ նախագահի հետ և «Իմ քայլի» պատգամավորների համար արցախյան հարցով թրեյնինգներ անցկացնել. «Մարդ ես, կարող է արտասահմանում լինեք, մենք ձեր կողքին չլինենք, և ադրբեջանցիների ու թուրքերի ելույթներին պատասխանող չլինի: Մի քիչ պարապացրեք մեր պատգամավորներին, ԱԳՆ»:

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե իր դառնության պատճառներից մեկն էլ այն է, որ միջազգային հանրությունը լավ չի տարբերակում Հարավային Օսիան, Աբխազիան և Արցախը, նշեց, որ այո, այդ վտանգը կա, բայց դրա համար պետք է աշխատել. «Մեր իշխանության օրոք դուք չեք գտնի որևէ լուրջ միջազգային կառույցի հայտարարություն (բացի ՆԱՏՕ-ի գագաթաժողովներից, որտեղ դուք էլ գնացիք, նույն բանաձևը ստացաք, որովհետև մենք անդամ չենք, հրավիրյալ ենք), որտեղ այս կոնֆլիկտները նույնականացվեն: Այդ նախադասությունը որ արտաբերում եք, ձեզ որևէ մեկը չի՞ հիշեցնում, որ ձեր պատվիրակությունը ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի լյուքսեմբուրգյան վերջին նիստում չկարողացավ չեզոքացնել 22-րդ կետը, որտեղ այդ կոնֆլիկտները նույնականացված էին:

Ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս. մե՞ր ժամանակ, թե՞ ձեր ժամանակ այդ փաստաթղթերում սկսեցին նման ձևակերպումները շատանալ: Պարոն վարչապետ, գուցե ազատ ժամանակ ունենալու պարագայում ոչ թե հեռախոսը բզբզեք, տեսնեք՝ ով ինչ է գրում, բացառությամբ իմ քոմենթներից, ստատուսներից, որ գիտեմ՝ կարդում եք, այլ, օրինակ՝ ասեք, որ ԱԳՆ-ն ձեզ ներկայացնի Հայաստան-Եվրամիություն պայմանագիրը: Էն, որ ասում եք՝ տարբերակված չեն այդ կոնֆլիկտների նկատմամբ միջազգային հանրության մոտեցումները, ԵՄ օրինակը բերեմ՝ բացեք Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի հետ ԵՄ ասոցացման համաձայնագրերը, տեսեք՝ ինչ է այնտեղ գրված այդ կոնֆլիկտների մասին, և բացեք ՀՀ-ԵՄ պայմանագիրը, տեսեք՝ ինչ ենք կարողացել մենք բանակցել ու ստանալ մեր եվրոպական գործընկերներից արցախյան հակամարտության ձևակերպումների հետ կապված: Եթե դա նայեք, այլևս նման բաներ չեք ասի, որովհետև անգամ նման բարձրագույն մակարդակում այսպիսի ֆորմատով մենք հաջողել ենք դա անցկացնել»:

Ամփոփելով՝ Աշոտյանը հետևյալն ասաց. «Իրականում ոչ թե դուք եք դառնացած՝ ձեզ թողած ժառանգությամբ, այլ ես՝ որպես ՀՀ քաղաքացի, վշտացած եմ, որ դուք շարունակում եք նման սիրողական մակարդակով զբաղվել արտաքին քաղաքականությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս