«Քաղաքապետարանը կիրառում է տույժեր և պահումներ «ՍանիՏեք» ընկերության նկատմամբ». քաղաքապետի մամուլի խոսնակ

«Երևան համայնքը և անձամբ Երևանի քաղաքապետն ունի ուղղակի պարտավորություն՝ ապահովելու Երևանի աղբահանությունը և սանիտարական մաքրումը: Այդ պարտավորությունը 2013 և 2015 թվականների պայմանագրերի համաձայն՝ քաղաքապետարանը պատվիրակել է «ՍանիՏեք» ընկերությանը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ ընդգծելով, որ քանի որ «ՍանիՏեքը» պատշաճ կերպով իրեն պատվիրակված լիազորությունը չի իրականացնում, քաղաքապետարանը ձեռնարկում է միջոցառումներ, որպեսզի իր ուղղակի պարտականությունը կատարի:

«Այդ միջոցառումների թվում են աղբատար մեքենաների ձեռքբերումը և կիրառումը, և աղբամանների ձեռքբերումն ու տեղադրումը: Աղբամանների տեղադրումը Դավիթաշեն վարչական շրջանում եղել է օրենքի տառին համապատասխան, քաղաքապետարանը համապատասխան գրություններ է ուղարկել «ՍանիՏեքին» և այլ կառույցների, որպեսզի տեղյակ պահի իր այդ գործողությունների մասին, թե քանի աղբաման է տեղափոխվելու և որտեղ են դրանք տեղադրվելու: Այս պահին դրանք գտնվում են պահպանվող տարածքում»,- ասաց Հակոբ Կարապետյանը։

Ինչ վերաբերում է վճարումներին, Հ. Կարապետյանն ասաց, որ քաղաքապետարանը կիրառում է տույժեր և պահումներ «ՍանիՏեք» ընկերության նկատմամբ այն չափով, որ չափով իրենք չեն կատարում իրենց պարտավորությունները։

«Այս պահին օգուտ են տալիս քաղաքապետարանի ներկրած մեքենաները, որոնք գերբեռնված մասնակցում են աղբահանության գործընթացին: Շաբաթ առ շաբաթ համալրումներն ստանում ենք, և ամեն համալրման հետ արդյունքներն ավելի տեսանելի կլինեն: Քաղաքապետարանն առաջարկում էր «ՍանիՏեքին» համատեղել ջանքերը, նրանք այդ առաջարկին չեն արձագանքել»:

Տեսանյութեր

Լրահոս