Իրանը կշարունակի կրճատել միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունները. Զարիֆ
Իրանը կշարունակի կրճատել միջուկային գործարքով նախատեսված իր պարտավորությունները, եթե եվրոպական երաշխիքներ չստանա ամերիկյան պատժամիջոցներից: Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Մենք ձեռնամուխ կլինենք միջուկային գործարքով նախատեսված մեր պարտավորությունների կրճատման երրորդ փուլին, եթե եվրոպական երկրներն ԱՄՆ-ի պատժամիջոցներից պաշտպանության երաշխիքներ չտրամադրեն մեզ»,-Զարիֆի խոսքը մեջբերել էMehr գործակալությունը: Նա հավելել է, որ «առայժմ եվրոպացիների կողմից ձեռնարկված միջոցները բացարձակապես չեն համապատասխանում նրանց խոստումներին»:
Առավել կարեւոր քայլերի թվում իրանցի նախարարը նշել է INSTEX ֆինանսական մեխանիզմի ամբողջական գործարկումը, որը «չպետք է կախված լինի ԱՄՆ-ի հավանությունից եւ ենթարկվի նրա ազդեցությանը»: Զարիֆի խոսքով՝ այդ համակարգը պետք է Թեհրանին հնարավորություն ընձեռի փող ստանալ նավթի վաճառքից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: