Չավուշօղլուն անդրադարձել է Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին
Թայլանդի մայրաքաղաք Բանգկոկում կազմակերպված Հարավարևելյան Ասիայի ազգերի միության 52-րդ ժողովի շրջանակներում Բանգկոկում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է լրագրողների հարցերին և անդրադարձել Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերություններին:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Թուրքիան ՆԱՏՕ-ի հետ որևէ խնդիր չունի և ինչպես կարելի է հասկանալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Ս-400 համակարգերի գնման վերաբերյալ հայտարարություններից, դրանք որևէ խնդիր չեն ստեղծում ՆԱՏՕ-ի համար: Թուրքիան ՆԱՏՕ-ի գործունեությանը բազմաթիվ ոլորտներում մեծ աջակցություն է ցուցաբերում և Ս-400-ների թեման ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների ընթացքում ոչ մի անգամ օրակարգ չի մտել»,- նշել է Չավուշօղլուն:
Նախարարը նաև ընդգծել է, որ Ս-400 համակարգերի գնումը ավելի շատ կարող է անդրադառնալ Թուրքիա-ԱՄՆ, քան՝ Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների վրա:
Թուրքիայի և Ռուսաստանի միջև Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման պայմանագիրը ստորագրվել է դեռևս 2017 թվականին: Առաջին խմբաքանակի մատակարարումը սկսվել էր հուլիսի 12-ին և ավարտվել՝ հուլիսի 25-ին: ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, սակայն դա տեղի չունեցավ: Այդ պատճառով Պենտագոնը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից: Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել էր, որ ամեն երկիր ինքն է որոշում, թե ինչ տեսակի պաշտպանական համակարգեր է գնի և որ Ս-400-ները ՆԱՏՕ-ի պաշտպանության համակարգի մեջ չեն ներառվելու: