Վանաձորում և Մարտունիում քննարկվել է Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը հուլիսի 26-ին և 29-ին մասնակցել է Վանաձորում և Մարտունիում կազմակերպված Հակակոռուպցիոն ռազմավարության և միջոցառումների ծրագրի նախագծի քննարկմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հանդիպումները կազմակերպվել են ՀՀ արդարադատության նախարարության և համապատասխանաբար՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ու «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հասարակական կազմակերպությունների կողմից:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարությունը մի շարք ՀԿ-ների աջակցությամբ Երևանում, Գյումրիում, Գորիսում և Գավառում արդեն իսկ կազմակերպել է նման ձևաչափով քննարկումներ:
Փոխնախարար Սրբուհի Գալյանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներկայացրել է Նախագծի հիմնական կարգավորումները, որոնք վերաբերել են կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ու հակակոռուպցիոն կրթությանը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հակակոռուպցիոն կոմիտեի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործիքակազմերին: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան քննարկման մասնակիցների միջև: