Բաժիններ՝

Georgian Airways-ը շուրջ 25 մլն դոլարի կորուստ է գրանցել

Վրաստանի հետ ավիահաղորդակցության ժամանակավոր չեղարկման մասին ՌԴ որոշման պատճառով վրացական Georgian Airways ավիաընկերությունը զգալի վնասներ է կրում: Ինչպես հաղորդում է «Interfax»-ը, այս մասին ասվում է վրացական ազգային ավիափոխադրողի հայտարարության մեջ:

Ավիաընկերությունն ստիպված է եղել վերադարձնել արդեն իրացված ավիատոմսերի 80 տոկոսը: Ավիատոմսեր ձեռք բերել ցանկացողների թվի կտրուկ նվազման պատճառով ընկերությունը շուրջ 25 մլն դոլարի կորուստ է գրանցել:

Ավիաընկերության ղեկավարությունը դիմել է Վրաստանի կառավարությանը՝ խնդրելով ֆինանսական օգնություն հատկացնել ընկերությանը, որը դժվարին իրավիճակում է հայտնվել:

Վրաստանի կառավարությունը որոշել է մասնակիորեն փոխհատուցել ավիաընկերության վնասը: Հուլիսի 24-ին որոշում է կայացվել սուբսիդավորել Ռուսաստանից իրականացվող տարանցիկ չվերթները 600 000 եվրոյի ծավալով:

Կառավարության որոշման համաձայն՝ խոսքը Ռուսաստանի քաղաքներից Երևանով դեպի Թբիլիսի և Բաթումի իրականացվող, ինչպես նաև հակառակ ուղղությամբ ավիափոխադրումների խթանման մասին է:

«Վրաստանի օդանավակայանների միավորում» ՍՊԸ-ի տնօրեն Գիորգի Չոգովաձեն ավելի վաղ հայտնել էր, որ սուբսիդավորումը կազդի նաև Վրաստան Լոնդոնից և Բրյուսելից ուղևորափոխադրման վրա:

Ներկա պահին Ռուսաստանից Վրաստան տարանցիկ չվերթները Երևանով իրականացնում է միայն Georgian Airways ավիաընկերությունը՝ Հայաստանի գործընկեր ավիաընկերության աջակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս