«Շատ դեպքեր կարող եմ թվարկել, որտեղ Լևոնի իշխանության մատը խառն է, բայց Լևոնին հանգիստ են թողնում». Սերգեյ Շաքարյանց

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  անդրադարձավ դատական համակարգում տեղի ունեցող մի քանի աղմկահարույց միջադեպերի և  2018 թվականի հայտնի իրադարձություններին հաջորդած մի շարք իրողությունների:

«Անկախ Հայաստանում դատական իշխանությունը երբեք անկախ չի եղել գործադիր և օրենսդիր իշխանությունից, բայց այն, ինչ հիմա է կատարվում, արդեն սահմաններն անցնում է: Պարզ երևում է՝ իշխանությանը պատվեր կատարող է պետք դատավորների բերանով»,- ասաց Ս. Շաքարյանցը՝ հիշելով գաղտնալսումների հայտնի դրվագը:

Ըստ նրա՝ այս համակարգում առկա իրավիճակը մտահոգիչ է այն աստիճան, որ նույնիսկ Վենետիկի հանձնաժողովն է շատուշատ հարցականներ դրել իշխանությունների առջև.

«Բայց մենք տեսնում ենք, որ ՀՀ իշխանություններն արհամարհում են այդ հանձնաժողովի խորհուրդները:

Եթե էդ մարդը Սահմանադրությունը խախտում է  ու անընդհատ միջամտում է նույն դատական իշխանության գործերին, երևի դրա համար էլ եկել է:

Մենք ընթանում ենք անդունդ, որովհետև եթե իրավական առումով անդունդ է, որն արդեն երևում է հենց այդ համակարգում կատարվող իրադարձություններից, ուրեմն գնում ենք անդունդ»:

Լրագրողի խնդանքով անդրադառնալով Ռ. Քոչարյանի գործին և, մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի` ասուլիսում արված այն հայտարարությանը, թե երբ նախորդ տարի հուլիսի 3-ին ծանոթացել է Քոչարյանի գործով ՀՔԾ-ի հաղորդագրությանը, եկել է այն եզրակացության, որ տեքստն իրեն ծանոթ է, հասկացել է, որ այն նման է Լ. Տեր-Պետրոսյանի ելույթներին, քաղաքագետն ասաց.

«2018 թվականի ապրիլից ինձ համար գաղտնիք չի եղել, որ դա Լևոն Տեր-Պետրոսյանի խաղն է»:

Ս. Շաքարյանցը խոսեց նաև Նիկոլ Փաշինյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կապի մասին՝ հիշեցնելով, որ Ն. Փաշինյանը քաղաքական անձ է դարձել 2008թ.-ից, իսկ մինչ այդ քաղաքական պատվերով հոդվածագիր է եղել:

Իսկ Ռ. Քոչարյանի գործի մասին բանախոսն ասաց, որ ՀՀ երկրորդ նախագահը՝ որպես նախկին նախագահ, ենթակա չէ քրեական և այլ պատասխանատվության.

«Ինչը որ գործում է Լևոն Տեր-Պետրոսյանի  առումով, նույնը գործում է բոլոր մյուս նախագահների առումով, կամ եթե չի գործում, ուրեմն Լևոն Տեր-Պետրոսյանից սկսենք. նորից սկսենք հետաքննել Համբարձում Ղանդիլյանի սպանությունը, Համբարձում Գալստյանի սպանությունը… շատ դեպքեր կարող եմ թվարկել, որտեղ Լևոնի իշխանության մատը խառն է, բայց Լևոնին հանգիստ են թողնում. էդ դեպքում,  բոլոր երեք նախագահները պետք է հանգիստ քնեն իրենց տներում, ոչ թե ընտրովի …դրանք դատարկ անապացույց մեղադրանքներ են:

Հաջորդը՝ եթե էդքան շատ ես սիրում պատմությունը քրքրել, գնա այդ ժամանակ կատարված բոլոր հանցագործությունները բացահայտիր… ասա՝ ում պատվերով է սպանվել Մարիուս Յուզբաշյանը՝ Պետանվտանգության կոմիտեի նախկին նախագահը, ու ինչու է սպանվել այն ժամանակ, երբ ինքը` Յուզբաշյանը, ցանկանում էր Հայաստանում հիմնել Ազգային անվտանգության բարձրագույն դպրոց:

Շատ հարցեր կան, որոնք 90-ականներում ապրողները հիմա կցանկանային ուղղել հենց Տեր-Պետրոսյանին, իսկ Տեր-Պետրոսյանին՝ նշանակում է՝ Փաշինյանին. Փաշինյանն ուզած-չուզած՝ քաղաքական առումով Լևոնի սանիկն է, նրա օգնությամբ պատգամավոր է դարձել գոնե մի անգամ, և այլն»:

Քաղաքագետը բացահայտ ճնշում որակեց դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների կասեցումը.

«Ի գիտություն բոլոր դատավորների՝ հրապարակավ պատժամիջոց է կիրառվում՝ տեսե՛ք, իր հետ ինչ է, նույնը ձեզ հետ կանեմ: Ուրիշ դատական միջամտությո՞ւն է պետք, որ ասենք՝ այսօր չունենք դատական իշխանություն, քանի որ ամեն ինչ եզակի մարդուց  է կախված կամ երկուսից՝ Լևոն Տեր-Պետրոսյան և Նիկոլ Փաշինյան»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս