«Փորձագետն ադրբեջանցի է, ըստ այդմ՝ իր բոլոր ասածներին պետք է վերաբերվել՝ որպես քարոզչություն». Կարեն Վրթանեսյան
Թուրքիան կարող է գործի դնել Ս-400 զենիթահրթիռային համալիրները՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտական գործողությունների վերսկսման դեպքում: Ադրբեջանական Minval.az-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ Աբուզեր Աբիլովը: Նա նաև ասել է, որ իրենց S-300-ները թուրքական S-400-ներից ոչնչով վատ չեն, իսկ Հայաստանի սպառազինությունում առկա «Իսկանդերներն» այնքան էլ վտանգավոր չեն, որքան փորձում են ներկայացնել:
Անդրադառնալով ադրբեջանցի փորձագետի հնչեցրած մտքերին՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց.
«Ռազմական փորձագետն ադրբեջանցի է, ըստ այդմ՝ իր բոլոր ասածներին պետք է վերաբերվել՝ որպես քարոզչություն»:
Նա ապատեղեկատվություն համարեց Ս-400-ների մասին արված հայտարարությունը նույնպես. «Ռուսական Ս-400-ների նպատակն Անկարան՝ Թուրքիայի մայրաքաղաքը, պաշտպանելն է: Թուրքիան դժվար թե այդ կարգի խնդիրների դիմեր (ռուսներից այդ հակաօդային պաշտպանության համակարգը գնելու համար ընկան ամերիկյան պատժամիջոցների տակ, լուրջ խնդիրներ ունեն ՆԱՏՕ-ի հետ), բայց ցանկացած դեպքում գնացին այդ քայլին՝ հաստատ ո՛չ Ադրբեջանին ինչ-որ լավություն անելու համար, ի վերջո, 2.5 միլիարդ դոլարի գործարք է, ու այդ տիպի նվերներ չեն արվում»:
«Իսկանդերների» մասին ռազմական փորձագետը եղավ հակիրճ. «Չի կարող իրենց Ս-300-ը, շատ փոքր է հավանականությունը, որ հաջողությամբ կարողանա գեթ մեկ «Իսկանդեր» որսալ»:
Զարուհի Դիլանյան