Երկրի վրա տաքացման ներկայիս տեմպերն ամենաբարձրն են 2000 տարվա ընթացքում. գիտնականներ
![](https://168.am/wp-content/uploads/2019/07/982899.jpg)
Երկրի վրա տաքացման տեմպերը վերջին երկու հազար տարվա ընթացքում տակավին երբեք այսքան բարձր չեն եղել, իսկ ջերմաստիճանի աճը չի ընդգրկել այդպիսի ընդարձակ շջաններ ամբողջ աշխարհում, ինչպես այժմ: Այս եզրակացությանն են հանգել Բեռնի համալսարանի գիտնականները, որոնք իրենց հետազոտությունների արդյունքները հրապարակել են Nature եւ Nature Geoscience հանդեսներում:
Հրապարակված հաշվետվության մեջ նշված է, որ մոլորակի պատմության մեջ մեկ անգամ չեն եղել ցրտացումներ եւ տաքացումներ: Մասնավորապես, փոքր սառցային շրջանը շարունակվել է 1300-ից մինչեւ 1850 թվականը: Գիտությանը հայտնի է նաեւ, որ փոքր սառցային շրջանին X – XIII դարերում նախորդել է փոքր կլիմայական օպտիումը՝ համեմատաբար տաք եւ հանդարտ եղանակը:
Բեռնի համալսարանի գիտնականների խումբը՝ պրոֆեսոր Ռաֆայել Նյուքոմի ղեկավարությամբ հանգել է եզրակացության, որ Երկրի վրա համատարած միաժամանակյա ցրտացում կամ տաքացում վերջին երկու հազար տարվա ընթացքում չի եղել: Ուսումնասիրության ընթացքում ստացված տվյալները շվեյցարացի գիտնականներին հնարավորություն են ընձեռել պարզելու, որ «նվազագույն եւ առավելագույն ջերմաստիճանները տարբեր են եղել» Երկրի «տարբեր շրջաններում»:
Մասնագետների եզրակացությունների համաձայն՝ այժմ տեղի են ունենում սկզբունքորեն այլ կլիմայական փոփոխություններ, քան այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել վերջին երկու հազար տարվա ընթացքում: Նրանց կարծիքով XX դարը եղել է ամենատաքը 20 դարերի ընթացքում: Դրա վկայությունները փորձագետները գտել են Երկրի մակերեւույթի ավելի քան 98 տոկոսի վրա:
«Դա վկայում է այն մասին, որ կլիմայի արդի փոփոխությունը չի կարող բացատրվել պատահական փոփոխություններով, այլ բացատրվում է CO2-ի եւ այլ ջերմոցային գազերի անտրոպոգեն էմիսիայով: Տաքացման շրջանն այժմ ազդում է ամբողջ մոլորակի վրա միաժամանակ, իսկ գլոբալ տաքացման արագությունը երբեք այդքան բարձր չի եղել, ինչպես այժմ»,- եզրափակել են փորձագետները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: