Ադրբեջանի ՌՕՈՒ–ի ՄիԳ ինքնաթիռն ընկել է Կասպից ծովը. օդաչուին դեռ չեն գտել
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռն աղետի է ենթարկվել վարժական թռիչքների ժամանակ, սկսվել է օդաչուի որոնումը: Այդ մասին հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Հուլիսի 24-ին տեղական ժամանակով մոտավորապես 22:00-ին հանկարծ կորել Է կապն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռի հետ, որն ուսումնավարժական թռիչքներ էր իրականացնում գիշերը, եւ այն անհետացել է ռադարներից: Նախնական վարկածով՝ ռազմական ինքնաթիռն աղետի է ենթարկվել եւ ընկել Կասպից ծովը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ կիրառվում են օդաչուի որոնման եւ փրկման անհետաձգելի միջոցներ: Ադրբեջանի պաշտպանության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որն սկսել է վթարի պատճառների հետաքննությունը: