Դատարանը քննարկում է Մանվել Գրիգորյանի գործով փորձագետ ներգրավելու հարցը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվում է ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստը։

Նախագահող դատավորը տեղեկացրեց, որ «Նաիրի» բժշկական կենտրոնից գրություն է ստացել, որ Մ. Գրիգորյանն հերթական նիստին չի ներկայանա առողջական խնդիրների պատճառով:

Այսօր դատարան էր ներկայացել Հանրապետական ԲԿ-ի Էնդոկրինոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Մամիկոնյանը, որը ներգրավվել է՝ որպես փորձագետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Դատախազությունը միջնորդել էր Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակել միջգերատեսչական փորձաքննություն:

«Դատաբժշկական համապատասխան փորձաքննություն նշանակելով՝դատարանը ուղեկցող գրությամբ նշել էր նաև այն փորձագետների անունները, որոնց պաշտպանության կողմը խնդրել էր ներգրավվել փորձաքննության կատարմանը՝ այդ հանձնաժողովի կազմում»,- մեկնաբանեց դատավոր Մարտիրոսյանը:

Մեղադրող կողմը դատարանից խնդրեց, որպեսզի Լուսինե Մամիկոնյանը ներկայացնի մասնագիտական գործունեությունը փաստող փաստաթղթեր, որի համար դատարանը ընդմիջում հայտարարեց. Նիստը կշարունակվի 14:30-ին:

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս