Գեղարքունիքի մարզպետը Հայրավանքում դիտարկեց շինարարական աշխատանքների ընթացքը
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն աշխատանքային այց կատարեց Հայրավանք համայնք, որտեղ այս պահին ընթանում են ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցման եւ Բարի գալուստ փողոցի հիմնանորոգման աշխատանքները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ինչպես ներկայացրեց Հայրավանքի գյուղապետ Սասուն Համբարձումյանը, ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 18,5 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Հայրավանքի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են հուլիսի 9-ից եւ կավարտվեն այս տարվա սեպտեմբերի կեսերին:
Մարզպետն այցելեց մեկ այլ շինհրապարակ, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ ընթանում են ֆուտբոլի փոքր խաղադաշտի կառուցման աշխատանքները: Շինարարների հավաստմամբ՝ խաղադաշտը կշահագործվի առաջիկա երկու ամսում: Այցի ավարտին Գնել Սանոսյանը հայտնեց օրվա այցի եւ մարզում այս պահին ընթացող շինարարական աշխատանքների հետ կապված իր տպավորությունները:
§Մենք ՀՀ կառավարության հաստատմանն ենք ներկայացրել 102 սուբվենցիոն ծրագիր, որոնցից այս պահին հաստատվել է 98-ը: Դրանց մի մասն արդեն սկսվել ու ավարտվել է, մի մասը մեկնարկային փուլում է, մի մասը՝ մրցութային: Եթե առաջիկայում կառավարությունը հաստատի մնացած մի քանի ծրագրերը, ապա մեր մարզի համայնքների նպատակային ծրագրերի իրականացման համար կատարվող ներդրումներն այս տարի կգերազանցեն 5 միլիարդ դրամի սահմանները: Այդ ծրագրերը հիմնականում կավարտենք այս տարվա ընթացքում, բացառությամբ թվով երեք համայնքներում կառուցվող մանկապարտեզների, որոնց շինարարական աշխատանքները կսկսենք այս տարվա մեջ, բայց ավարտի կհասցնենք եկող տարի»,-հավաստեց մարզպետը:
Խոսրով Խլղաթյան